Աջապահյանի եղբորորդուն ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել ու բաղ թողել․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Հայաստանը տարբեր դրամաշնորհներ ու շնորհավորանքներ է ստանում «աննախադեպ ժողովրդավարության» համար, ոստիկանությունում վերադառնում են «Խորհրդային հին ու բարի ժամանակները» ծեծի տեսքով, իսկ Երևանի քաղաքապետարանում զրկում են ավագանու մանդատից, հերթը Հայկ Մարությանինն է․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների՝ հոգեւորականների դեմ պայքարը ներխուժում է ներանձնական տարածք։ Փետրվարի 23-ին Երեւանից Գյումրի գործուղված ոստիկանական ուժերը բերման են ենթարկել իշխանությունների կոկորդին կանգնած Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդուն։ 31-ամյա երիտասարդին բերման են ենթարկել իբր թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում․ Շիրակի «քաղմասում» նրան դաժան ծեծի են ենթարկել, նոր միայն բաց թողել։
Աջապահյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը եւ մանրամասներ պատմեց․ «Երեւանից էին` ինչ-որ հատուկ վարչությունից, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում են բերման ենթարկել, քաղաքից 15-20 հոգու բերման են ենթարկել՝ ներառյալ իմ եղբորորդուն: Բնականաբար, ընտանիքի անդամներին ահաբեկելով՝ առավոտ լուսումութին, հետո էլ ծեծի են ենթարկել։
Սա արել են Երեւանի ոստիկանները, Գյումրիի ոստիկանները կապ չունեն կատարվածի հետ»։ Աջապահյանի եղբորորդին մասնագիտությամբ ճարտարապետ է: Հարցրինք՝ կատարվածը պայմանավորվա՞ծ է իշխանությունների հասցեին իր սուր քննադատությամբ։ «Իրենց հարցրեք․․․ Եթե 15-20 հոգի բերման է ենթարկվում, բայց միայն մեկին են ծեծի ենթարկում, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում»։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հերթական հայցը կներկայացվի դատարան՝ ընդդեմ Երեւանի ավագանու: Այս անգամ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը:
Այսպիսով, դեռ փետրվարի 7-ի նիստում, Երեւանի ավագանու որոշմամբ, ընդդիմադիր 3 անդամ՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, զրկվեցին մանդատներից:
Ավագանու որոշման հիմքում անհարգելի բացականերն էին եւ նախագծերի քվեարկություններին չմասնակցելը, որոնք եղել են բացառապես քաղաքական նպատակներով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդեմ այս որոշման, եւ վիճարկել Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։
«Ավագանու անդամին մանդատից զրկելն ապօրինություն է, զոռբայություն: Մենք վիճարկելու ենք սա. երբ հարցը ներկայացնենք, կհայտարարենք այդ մասին», – մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան»-ը եւս հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշման»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝ դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։ 4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը, պատվիրակության կազմում են նաեւ Փաշինյանի քավորական ընտանիքից պատգամավոր Վահե Ղալումյանը եւ «Հայաստան» դաշինքից ՔՊ-ականների սիրելի Արմեն Գեւորգյանը:
Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից որեւէ պատգամավոր ընդգրկված չէ: Ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը սրանով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այս խմբակցության նկատմամբ։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ծանուցում են ստացել Երեւան քաղաքի դատարանից, որ ներկայանան դատարան՝ հարցաքննության: Նրանք ներկայացել ու հարցաքննվել են:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր ամբարտավան պահվածք դրսեւորած հանձնաժողովի նախագահին, որը պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել ՔՊ պատգամավորի ձախ հոնքին:
Քրեական գործը 2023 թվականի ապրիլի 25-ին մտել է դատարան, եւ Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել:
Դատաքննությունը դեռևս շարունակվում է»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չորսուկես ժամանոց փակ քննարկում է արել: Թվում է` մեկ թեմա պետք է քննարկվեր՝ երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները եւ Տավուշից հանձնվող տարածքների խնդիրը, բայց քննարկվել է մեկ պաշտոնի հարց, թե ով պետք է զբաղեցնի ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պաշտոնը:
Պարզվում է` հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը ենթադրում է ծառայողական ավտոմեքենա, վարորդ, մոտ 200 հազար դրամի հավելյալ աշխատավարձ, շատերի համար ավելի գայթակղիչ է, քան հարյուրավոր կիլոմետրերի հասնող տարածքները, որոնք Փաշինյանն ուզում է հանձնել Ադրբեջանին: Այս պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել, Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը, իսկ Հովիկ Աղազարյանն ինքնառաջադրվել է։
Թունյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուսները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց տեսլականը, թե ինչ քաջագործություններ են անելու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում, պատասխանել են գործընկերների հարցերին:
Փակ քվեարկությամբ ամենաշատ ձայները հավաքել է Ծովինար Վարդանյանը՝ 28 ձայն, Ա. Մանավազյանը՝ 21, իսկ Աղազարյանը՝ 5 ձայն: ՔՊ-ականները շոկի մեջ են ընկել Արուսյակ Մանավազյանի ձայների քանակից, որի «ձայնն» ԱԺ-ում այս ընթացքում ոչ ոք չի լսել, բայց հասկացել են, որ Փաշինյանի եւ նրա կնոջ հետ մտերմությունը, նրանց ընտանեկան ֆինանսները կառավարելը, իսկ վերջերս նաեւ ՔՊ կուսակցության ֆինանսները տնօրինելն իրենց դերը խաղացել են, եւ «Հայկական ժամանակի» նախկին գանձապահը վայելում է առաջնորդի անվերապահ վստահությունը:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, եւ ստորեւ ներկայացվում են բնակչության բնական շարժի եւ ՍԷԿՏ համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները:
2024 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 120.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 139.5%-ի համեմատ:
Այսինքն՝ ստացվում է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնելիության մակարդակն ավելի ակտիվ էր, քան այս տարի նույն ժամանակահատվածում։
Նախորդ տարի այս ժամանակահատվածում ծնվել է 3481 մարդ, այս տարի հունվարին՝ 3108, նախորդ տարվա համեմատ՝ 373 մարդով պակաս։
Սակայն նշենք, որ վերջին 4 տարիների հունվար ամիսների ընթացքում ծնելիության բարձր մակարդակը եղել է 2023 թվականի հունվարին՝ 3481 մարդ, իսկ 2022 թվականին՝ 2868 մարդ, 2021 թվականին՝ 2853 մարդ։
2024 թվականի հունվարին ծնվել է 3108 մարդ եւ մահացել 2571 մարդ»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պարզվում է՝ իշխանության համար վարժական հավաքները գլխացավանք են դարձել, ուղղակի անկառավարելի մի գործընթաց: Եվ չնայած այս համակարգն արդեն քանի տարի է՝ ներդրվել է, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը բողոքել է, որ չեն կարողանում վերահսկել եւ պատշաճ իրականացնել այդ գործընթացը։
Այս հարցը քննարկվել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ, եւ Պապիկյանը հույս է հայտնել, որ հավաքների իրականացումը եւ վարժանքներին մասնակցելու անհրաժեշտ քանակը կապահովվեն, երբ ուժի մեջ մտնեն օրենքում կատարվող փոփոխությունները, որով վարժական հավաքին մասնակցության համար զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերը կհամարվեն վավեր արդեն այն պարագայում, երբ դրանք հրապարակվեն azdarar.am կայքում։
Գործող կարգի համաձայն, զինկոմիսարիատները փոստով են ծանուցում քաղաքացիներին, որոնք շատ հաճախ չեն ներկայանում փոստային բաժանմունքներ, կամ` երբ տուն են տանում, չեն վերցնում ծանուցագրերը, չեն ստորագրում, հարազատներն ասում են, որ քաղաքում չէ, կամ` հաշվառման վայրն ու փաստացի բնակության վայրը չեն համընկնում: Այս բոլոր դեպքերում, ըստ գործող կարգավորումների, անձը չի համարվել պատշաճ ծանուցված, ուստի հնարավոր չէր նրան, ըստ օրենքի, վարժական հավաքներից խուսափելու հիմքով քրեական պատասխանատվության ենթարկել:
Նոր առաջարկով՝ azdarar.am-ում ծանուցումը տեղադրելուց հետո այլեւս ոչ ոք չի կարող մանեւրել, քաղաքացու վրա այսպիսով կդրվի պարտավորություն` պարբերաբար հետեւել այդ կայքին եւ տեղեկանալ՝ իր վերաբերյալ ծանուցում կա՞, թե՞ ոչ։ Ծանուցումը տեղադրելուց ժամեր անց անձը կհամարվի ծանուցված, եւ արդեն կարող են քրեական գործ հարուցել, հետախուզում հայտարարել եւ այլն: Գերատեսչության հրամկազմի այս առաջարկը, որին ուզում են օրենքի ուժ տալ, բնականաբար, միանշանակ չի ընդունվել, քանի որ Հայաստանում քիչ չեն համայնքները, որտեղ անգամ ինտերնետ կապի անխափանության խնդիր կա, առավել եւս՝ ոչ բոլորը կարող են մուտք գործել կայք ու հայտնաբերել իրենց վերաբերյալ «սեւ թուղթը», ուստի առաջարկվել է շարունակել այլ գործիքակազմ մտածել։
Քննարկվել է նաեւ վարժանքներից խուսափողների քրեական պատիժը խստացնելու հարցը, որը եւս կխթանի մյուսներին՝ չխուսափել հավաքներից։ Օրակարգում է եղել նաեւ աշխարհազորի վերաբերյալ օրենքը: Ըստ մեր աղբյուրների՝ ՊՆ-ն ուզում է աշխարհազորի անվանումը եւ հասկացությունը փոփոխության ենթարկել․ օրենսդրորեն սահմանել «աշխարհազոր» եզրույթը՝ որպես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության մասին եզրույթ: Ինչպես նաեւ այն իրականացնել տարածքային սկզբունքով, ասենք` արարատցիներին հավաքագրել մի գումարտակի մեջ, արմավիրցիներին՝ մյուս, եւ այսպես շարունակ, ձեւավորել աշխարհազորայիններից խմբեր, որոնք կենթարկվեն ԶՈՒ ԳՇ-ին։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում