«Ապրելու ու մեռնելու ենք այստեղ». մեծ հավաք Ոսկեպար գյուղում
Նմանատիպ
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները հավաք են իրականացրել՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու Կառավարության ծրագրին, որոնց թվում է նաև Վերին Ոսկեպարը։
«Մենք տալու բան չունենք, մենք ապրելու ենք այստեղ, մեռնելու ենք այստեղ: Մենք մի թիզ հող չունենք տալու: Եթե կողքից կօգնեն՝ կօգնեն, գլխներիս վրա տեղ ունեն: Այն ժամանակ էլ են եկել մեր տղերքը օգնել, հիմա էլ են պատրաստ գան ջոկատները: Սա մեր պապենական հողերն են: Վարչապետը, որ ասում է, նույնիսկ մեր գետի տեղը չգիտի: Երեւանում չեն պատկերացնում, որ եթե էդ հատվածները տվեցին, չեն կարողանալու Նոյեմբերյան գնան, էլ Ոսկեպար չեն գալու, կգնան Վանաձոր ու Ալավերդի: Փաշինյանի գնալուց հետո ավելի մարտական ենք տրամադրված: Եկավ մեզ լավ «դուխ տվեց» գնաց: Ուզեցավ մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չի: Մենք մենակ էլ մեր հողը կպահենք, բայց եթե ժողովուրդը գա, միանա, ավելի հեշտ կպահենք»,- նշել է գյուղի բնակիչներից մեկը:
Ոսկեպարցիներից մեկն էլ հավելել է. «Ուզեցավ աչքներս վախացնի, որ հոկտեմբերյանից կմտնեն, եթե էստեղ պատերազմ սկսվի: Նա ի՞նչ իրավունք ունի ասի՝ Թուրքիան էնտեղից կհարձակվի: Թուրքիան ի՞նչ խնդիր ունի, Ադրբեջանը խնդիր ունի: Ասում ա՝ Ռուսաստանն էնտեղից կհարձակվի, Պակիստանն էնտեղից: Լավ ա՝ Իրանի ու Վրաստանի մասին էլ չասաց»:
Ոսկեպարցիները նաև նշել են, որ ամբողջ Հայաստանը պետք է համախմբվի Ոսկեպարի շուրջը։ Նմանատիպ հավաք անցկացրել են նաև Բաղանիս գյուղի բնակիչները։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի մարզ և հանդիպում էր ունեցել բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում, խոսելով Տավուշի մարզում սպասվելիք սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից, Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի տարածքից ոչ մի գյուղ չի հանձնվելու։ Սակայն, միևնույն ժամանակ, Փաշինյանը ակնարկել էր, որ այն գյուղերը, որոնք չեն մտնելու Հայաստանի տարածքի մեջ, դրանք վերադարձվելու են Ադրբեջանին։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում