Մակրոնը հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանին առաջարկվող համագործակցության մասին
Նմանատիպ
Ֆրանսիայի իշխանությունները Ռուսաստանին համագործակցություն են առաջարկել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության և ահաբեկչությանը դիմակայելու համար։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 25-ին, Գայանա ժամանելուն պես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը հայտնում է France 24-ը։
Փարիզը «ռուսական ծառայություններին, որպես տարածաշրջանում մեր գործընկերների, առաջարկել է ընդլայնել համագործակցությունը»՝ «հաշվի առնելով մեր ծառայությունների հասանելի տեղեկատվությունը և այն տարրերը, որոնք կարող են օգտակար լինել ռուսներին», – նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով, «Իսլամական պետության» ճյուղը` Վիլայաթ Խորասանը, որը, ըստ արևմտյան հետախուզական ծառայությունների, կանգնած է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում, նախկինում բազմիցս փորձել է հարձակում իրականացնել Ֆրանսիայի տարածքի վրա։ «Այս խմբավորումը, որը կարծես թե ներգրավված է այս հարձակմանը, վերջին ամիսներին մի քանի մահափորձ է իրականացրել մեր հողի վրա», – ասել է Մակրոնը։
Նա հավելել է, որ հենց այդ պատճառով է որոշել արդիականացնել Vigipirate ազգային ահաբեկչության ահազանգման համակարգը։ Հարցին, թե մտադիր է արդյոք իրավիճակն անմիջականորեն քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Մակրոնը պատասխանել է, որ առայժմ խոսքը գնում է «տեխնիկական և նախարարական» մակարդակով շփումների մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում