ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է հայ-ադրբեջանական սահմանի կայունությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է հայ-ադրբեջանական սահմանի կայունությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Այս Զատկի կիրակի, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին՝ հրապարակելով Հայաստանում ԵՄ առաքելության հայտարարությունը սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Այս առաքելությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժ չի նկատվել։

«ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը պարեկություն է կատարել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ամեն ինչ հանգիստ է, արտասովոր տեղաշարժ չի նկատվել»,- ասվում է դիտորդական առաքելության «X»-ի միկրոբլոգում:

Միաժամանակ, առաքելությունը խաղաղ Զատիկ է մաղթել բոլորին:

Նշենք նաև, որ այսօր՝ մարտի 31-ին հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ ՊՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն հայտարարությանը, իբր ՀՀ ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանագոտի տարբեր հատվածներում զորքերի տեղաշարժ է անում։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,-նշված է ՀՀ ՊՆ հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում