Ի՞նչ պատասխան է սպասում Լևոն Տեր-Պետրոսյանը Բագրատ Սրբազանից․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ի՞նչ պատասխան է սպասում Լևոն Տեր-Պետրոսյանը Բագրատ Սրբազանից․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը պատրաստվում է առավել ակտիվ գործողությունների, իշխանությունները հրահանգել են սոցցանցերում սեփական ֆեյքերի աշխատանքներին ներգրավվել նաև ոստիկանությանը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ՀԱԿ-ն աջակցո՞ւմ է այս շարժմանը, թե՞ ոչ: «Իրենք արդեն այս կամ այն կերպով շարժման հետ են, մեջ են, հիմա զուտ, այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ, մտահոգություններ, գաղափարների առաջարկներ ունեն, մենք կքննարկենք․․․ այն գաղափարները, որոնք իրենք հրապարակային հայտնել են, մենք էլ ունեցել ենք առաջարկներ, գաղափարներ, հիմա իրենք խորհրդով էլ կքննեն»,- ասել էր սրբազանը:

Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ-ականները, այդ թվում՝ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ասել են, որ ողջունում են շարժումը, բայց իրենց համար պետք է հստակ լինի, թե ով է Նիկոլին փոխարինողը, եւ պետության զարգացումը, անվտանգությունը որ համակարգերի հետ է նա պատկերացնում։ Անգամ եթե հոգեւորականն է դառնալու պետության ղեկավար, ապա պետք է հստակ նախանշի, թե ինչ ծրագիր ունի` դեմոկրատ է, լիբերալ, պահպանողական: Նաեւ՝ Խաղաղության պայմանագրին ինչ այլընտրանք է առաջարկում։

Սրբազանն ի պատասխան ասել է, որ այդ հարցերի պատասխաններն էլ շուտով կհնչեցնի՝ թերեւս ակնարկելով կիրակի օրվա ամփոփիչ հանրահավաքը: Եվ ՀԱԿ-ի անդամները որոշել են միանշանակ դիրքորոշում չհայտնել սրբազանի թեկնածության վերաբերյալ եւ ակնարկել են, որ դա կանեն միայն այդ հստակեցումներից հետո։ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկ չմեկնաբանեց մեր տեղեկությունները, ասաց միայն, որ շարժումը, բնականաբար, իրենց համար ընդունելի է․ «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի, բայց կան մի շարք հարցեր, ուստի մենք ասել ենք, որ կհետեւենք զարգացումներին»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակեցին «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու, ընդհանրապես, հայ ժողովրդի դեմ: Հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ոստիկաններ հաստաբեստ «կենդանի» պատով փակել էին Կիրանց (ու ոչ միայն) տանող ճանապարհները, արգելափակել Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժը՝ այդ ամենը պատճառաբանելով ինչ-որ «սահմանապահական աշխատանքներ» իրականացնելու գործընթացով: Դա բազմաթիվ մեկնաբաններ որակում են որպես Կիրանցի բլոկադա՝ նկատելով, որ ոստիկանական լայնածավալ գործողության առանցքային նպատակը Կիրանցի ու մյուս սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը հոգեբանական ահաբեկման ենթարկելն է, ճնշելը, ըստ էության՝ հայկական հողերը թշնամուն հանձնելն սպասարկելը:

Մինչ այս, մինչ այն, երեկ որոշեց իր գոյության մասին հիշեցնել նաև Փաշինյանի արդարադատության նախարարությունը՝ երկարաշունչ պարզաբանումներ տարածելով «սահմանազատման գործընթացի» վերաբերյալ ու «մոլորեցնող» որակելով հողատվության այս ընթացքը քննադատող մասնագետների փաստարկված դիտողությունները: Փաշինյանի արդարադատության նախարարությունն, ըստ այնմ, արդարացնում է իր ղեկավար վարչապետի քմահաճույքով կատարվող շարունակական հանձնողականությունը:

Այդ պարզաբանման ցանկացած կետ է խոցելի, բայց ամենից տարօրինակը իշխանության կողմից թշնամուն հանձնվող հայկական տարածքներում գույքի վերաբերյալ մասն էր, օրինակ՝ այն, որ կիրանցեցիների ունեցած կադաստրի վկայականները… գործնականում անիմաստ թղթի կտորներ են, որովհետև… անճշտությունների վրա արված պետական գրանցումներ են և այլն, և այլն: Մյուս «հակափաստարկն» ընդհանրապես զավեշտից զավեշտ է, թե՝ «նոր սահման չի գծվում», այլ… վերարտադրվում է:

Բայց նույնիսկ դա չէ էականը, այլ այն, որ փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները, որ, ի դեպ, սնվում են ՀՀ հարկատուներիս միջոցներով, ադրբեջանական զավթիչներից ու ցեղասպանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ և ուժգին են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և… վերջ:

Ու նման «փաստարկներով» նույնպիսի հաջողությամբ կարող են հիմք ստեղծել՝ վաղը, մյուս օրը Հայաստանի այլ տարածքներ ևս ադրբեջանական թուրքերինը համարելու և հանձնելու համար: Թե չէ՝ ինչ օրենք, ինչ Սահմանադրություն, ինչ օրինականություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ե՞րբ է նման «մանր-մունր» բաների հետևից ընկել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները մոտ երկու ժամ խմբակցության նիստ են արել` հերթական ԱԺ նիստին ընդառաջ: Նախ վերեւների հրահանգն է փոխանցվել շարքայիններին՝ շարժման մասին վիրավորական, ծաղրող հայտարարություններ, գրառումներ չանել` իրավիճակը էլ ավելի չսրել: Թեժ քննարկում է ծավալվել հատկապես Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շուրջ, որով նախատեսվում է փաստաբանների հարկերն ավելացնել` նրանց նկատմամբ ԱԱՀ կիրառել, այսինքն` 20 %-ի չափով հարկել:

ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել Բաբկեն Թունյանի ղեկավարած տնտեսական հանձնաժողովի` այս նախագծին տրված դրական եզրակացությանը, ասել են, որ քաղաքացիների բեռն այս փուլում չի կարելի մեծացնել, իսկ այդ փոփոխության հետեւանքով փաստաբանական ծառայությունների արժեքը կմեծանա, ուստի դա կանդրադառնա նաեւ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիների լայն շերտի վրա:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լավագույն ավանդույթները» շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միլիոնավոր դրամներ փոխանցած տասնյակ անանուն նվիրատուների հարցը տակավին քրեաիրավական գնահատականի չարժանացած՝ ականատես ենք լինում «Իմ քայլը» հիմնադրամի նույն պատկերին։

Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկության՝ 2023-2024թթ. ընթացքում Աննա Հակոբյանին մուծումներ են կատարել 24 կազմակերպություն եւ ֆիզանձինք, որոնցից 7-ը՝ անանուն կարգավիճակով։

Բացի դրանից, նշված տեղեկությունից պարզ է դառնում, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը պետությանը նվիրաբերելը ունեցել է կոնկրետ արդյունք` բազմաթիվ տնտեսաքաղաքական մարտահրավերների հորձանուտում գտնվող ԶՊՄԿ-ն չի մոռացել իր ԲՀ-ի միջոցով 2 անգամ մուծվել` վիթխարի` 70 միլիոն դրամի չափով։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել ևս, անզեն աչքով էլ ակնհայտ է, որ հիմնական լրատվամիջոցների սոցցանցերում և հենց կայքերում ուշագրավ պրոցեսներ են ընթանում՝ կապված դիտումների քանակի ու մեկնաբանությունների հետ: Բանն այն է, որ բավական է Բագրատ Սրբազանի նկարով որևէ նյութ հայտնվի որևէ կայքում և այդ լրատվամիջոցի սոցցանցային էջում, միանգամից աճում են ոչ միայն դիտումները, այլև «արձագանքները» (հիմնականում՝ «ջղայնիկի» տեսքով) ու մեկնաբանությունները: Վերջիններիս հեղինակների էջերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեծամասամբ կա՛մ նոր բացված էջեր են՝ առանց որևէ գրառման, կա՛մ հին լինելով՝ դարձյալ որևէ գրառում չունեն: Նկարներն առավելապես կեղծ են, շատերը նույնիսկ նկար չունեն:

Այսինքն, ակնհայտ ստեղծված են «քոմենթ գրելու» և «ջղայնիկ» դնելու համար: Իսկ իրական կամ գոնե բավարար տեղեկատվություն պարունակող էջերի օգտատերերը, որպես կանոն, կատարում են բացարձակ անգրագետ տեքստերով, բազմաթիվ սխալներով, հիմնականում՝ լատինատառ գրառումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի: Արշավին միացել են նաև մերձիշխանական սատելիտները:

Ավելին, դրանցից մի քանիսն այնքան են «խորացել» ֆեյք ստեղծելու գործընթացում, որ իրենք իրենց գրառումների տակ են ստիպված տասնյակներով մեկնաբանություններ թողնում ու հաճախ հայտնվում զավեշտալի վիճակում՝ թե՛ գրառումների կրկնության առումով, թե՛ բացարձակ զրոյական ճանաչում և հեղինակություն ունեցող անձի՝ սխալներով լեցուն, իմաստ չպարունակող գրառումների տակ, ասենք, 50-ից ավելի գովերգող մեկնաբանության հայտնվելու տեսակետից:

Փորձագետների համոզմամբ, սակայն, Փաշինյանի «փիառչիկներն» իրականում «արջի ծառայություն» են մատուցում նույն Փաշինյանին, քանզի Բագրատ Սրբազանի նկարով նյութերի տակ մեծ քանակությամբ մեկնաբանություններն ու «ջղայնիկները» բազմապատկում են Սրբազանի ասելիքի ու շարժման գաղափարների տարածումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս շաբաթվա ընթացքում կշարունակի հանդիպումները տարբեր հասարակական խմբերի ներկայացուցիչների հետ, իսկ շաբաթվա վերջին արդեն ամփոփիչ հանրահավաք է պլանավորել․ եթե ոչինչ չփոխվի, ապա` մայիսի 26-ին։ Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը, եւ կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկը։ Մինչ մայիսի 26-ը խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ անվստահության նախաձեռնություն կմտցնի խորհրդարանի օրակարգ, ո՛չ էլ հանդես կգա Սահմանադրության նորմը փոխելու նախաձեռնությամբ՝ երկքաղաքացիներին վարչապետի պաշտոնում առաջադրվելու արգելքի վերացման հետ կապված։

Նշենք, որ շաբաթ օրվա հանդիպմանը քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչներ հենց սրբազանին են առաջարկել վարչապետի թեկնածուի պաշտոնում, բացառությամբ Սամվել Բաբայանի կուսակցի, ով թեպետ կողմ է արտահայտվել Փաշինյանի հեռացմանը, սակայն շեշտել է, որ վարչապետի թեկնածուի վերաբերյալ առայժմ չունեն հստակ դիրքորոշում։ Նախորդիվ արված փորձերը` որեւէ քաղաքական դեմքի թեկնածության հետ կապված, անհաջողության են հանդիպել, եւ ընդդիմությունը հասկացել է, որ սրբազանից բացի ցանկացած այլ թեկնածության քննարկում պառակտելու է դաշտը:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ օրերս միջինից բարձր ոստիկանները ստացել են հրահանգ-հորդոր, որ եթե իրենց լուսանկարները հայտնվեն համացանցում՝ կոշտ-վիրավորական գրառումներով, կարող են ընտանիքներով, բարեկամներով «բիրտ ուժ» կիրառել նաև ֆեյսբուքյան կամ այլ հարթակներում՝ փոխադարձաբար հայհոյելով և վիրավորելով քաղաքացիներին:

Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով զսպելու համար, ոստիկաններին հորդորել են իրենց ուժերով ամեն կերպ «պաշտպանվել»՝ խոստանալով, որ ծառայողական քննություն չի նշանակվի:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ծնունդով իջևանցի ոստիկան Աշոտ Գուլինյանը բիրտ ուժ էր կիրառել քաղաքացիների նկատմամբ, նրա կինը՝ Լիլիթ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին վիրավորել է ամուսնու վարքը ներկայացնող տեսանյութի տակ։ Բացի վիրավորական խոսքերից՝ ոստիկանի կինը նաև մարդկանց կանչել է՝ հաշվեհարդար տեսնելու։ Եվ այս վարքի համար ոստիկանը չի պատժվել. սա համարվում է ինքնապաշտպանություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում