Ակնակալում ենք, որ ԼՂ հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ. Կլաար

Ակնակալում ենք, որ ԼՂ հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ. Կլաար

Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի։ Այս մասին jam-news.net-ի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ-ն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ: Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում:

Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով: Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն և, հետևաբար, այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս»,-ասել է Կլաարը:

Նա նշել է, որ երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: «Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

Առաջինը Ղարաբաղի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:

Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման արդյունք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը»,-ասել է նա:

Անդրադառնալով ազատազրկվածների և անհետ կորածների հարցի կարևորությանը՝ Կլաարը ասել է. «Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը անհետ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման ջանքերի հարցում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամության ու բռնության էջը վերջնականապես փակելու համար:

Եվ ինձ անձամբ տխրեցնում է այն, որ մենք դեռ իսկապես չենք կարողանում առաջընթաց գրանցել այդ հարցերում: Վստահ եմ, որ սա կմնա առանցքային խնդիր իմ աշխատանքը շարունակող հաջորդ պաշտոնյայի համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում