Արցախի անկախության օրը ընդդիմությունը միջոցառումներ է նախատեսել. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33 ամյակն է։
Շուրջ 33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախը Ադրբեջանից էլ շուտ հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից:
Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության հետեւանքով այսօր հայկական երկրորդ պետությունը կորսված է եւ պատմության մեջ առաջին անգամ՝ հայաթափված: Արցախի էջը այսուհետ փակված համարող ՔՊ իշխանության օրոք Հայաստանում արդեն վաղուց պետական մակարդակով Արցախի անկախության օրը չի իրականացվում որեւէ միջոցառում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, փոխարենը, ընդդիմադիր շրջանակներն են այդ օրը մի շարք միջոցառումներ նախատեսել:
Սեպտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Արցախի իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները այցելելու են Եռաբլուր, այնուհետեւ ՀՀ Արցախի ներկայացուցչությունում միջոցառում-քննարկում են կազմակերպելու, որը բաց է լինելու ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ արցախահայերի համար: Այդ օրը Արցախի ներկայացուցչություն այց են նախատեսել նաեւ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները՝ պատգամավորներն ու գործիչները: Բագրատ սրբազանը եւս սեպտեմբերի 2-ին լինելու է Արցախի ներկայացուցչությունում:
Ավելին՝ Արցախի անկախության օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, ընդդիմադիր շարժումը Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում կիրականացնի՝ նվիրված Արցախի Հանրապետության տարեդարձին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում