Նորատուսի խաչքարադաշտը հայ մարդու հարատևության գաղափարի բացառիկ մշակութային կոթող է. տեսանյութ

Նորատուսի խաչքարադաշտը հայ մարդու հարատևության գաղափարի բացառիկ մշակութային կոթող է. տեսանյութ

Խաչքարը հայկական մշակույթի բացառիկ երևույթներից է, որը խորհրդանշում է ոչ միայն հայոց հավատքի հարատևության գաղափարը, այլև իր մեջ ազգային սահմանագծման որոշակի մոտեցումներ է ամփոփում: Խաչքարերով է պատված ամբողջ հայկական լեռնաշխարհը, իսկ որոշ վայրերում խաչքարերը հարյուրներով և հազարներով են եղել՝ վկայելով տարածքի հայկականության և ապրողների քրիստոնեական հավատքի մասին:

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Նորատուսի խաչքարերի պուրակը ոչ թե ամենամեծն է, այլ պահպանված ամենամեծն է: Խաչքարադաշտեր եղել են թե Արևելյան, և թե Արևմտյան Հայաստանի տարածքներում, սակայն մասշտաբային առումով մեզ է հասել միայն Նորատուսի խաչքարների պուրակը: Այսպես՝ ներկայիս Նախիջևանի Հանրապետության տարածքում գտնվող Ջուղայի խաչքարադաշտում շուրջ 10 հազար խաչքարեր են եղել, որոնցից առնվազն 3 հազարը հասել է մինչև 21-րդ դար: Սակայն, Ադրբեջանի ղեկավարության հայակուլ քաղաքականության շրջանակներում 2005թ.-ին Ջուղայի խաչքարադաշտը վերջնականապես հավասարեցվել է հողին: Այդ ճանապարհով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել այդ տարածքում հայերի բնակության մասին բոլոր տեսակի կանգուն վկայությունները:

Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ դարեր ի վեր խաչքարերի հետ հայ ժողովուրդը ուշագրավ լեգենդներ է կապել և որոշակի խորհրդաբանություն դրել այս եզակի մշակութային ֆենոմենի ներքո: Պատահական չէ, որ մեծ քանակությամբ խաչքարեր պահպանվել են խոշոր հայկական բնակավայրերի, օրինակ՝ Նորատուսի մոտակայքում, քանզի ապրողները ոչ միայն նոր խաչքարեր են կերտել, այլև հոգ են տարել նախորդ սերունդների ստեղծած խաչքարերի մասին:

Որպես բուն հայկական մշակութային երևույթ՝ խաչքարի և խաչքարադաշտերի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում