Կնոջ երկու «ես»-երը Շակարտի կտավներում

Կնոջ երկու «ես»-երը Շակարտի կտավներում

Հոկտեմբերի 10-ից 13-ը Դվին ցուցասրահում (Պարոնյան 40) տեղի է ունենալու բժիշկ-նկարիչ Շանթ Կարապետյանի (Շակարտ) երրորդ անհատական ցուցահանդեսը՝ «Եվա» խորագրով։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտմեբերի 10-ին, ժամը 19։00-ին։ Ցուցահանդեսը կգործի ամեն օր 12։00-22։00 ժամանակահատվածում։ Այս առիթով զրուցեցինք Շանթի հետ։

Շանթ, ձեր առաջիկա անհատական ցուցահանդեսը ունի «Եվա» խորագիրը։ Ինչու՞ որոշեցինք անցկացնել հենց այս խորագրով։

Ես ունեմ ներշնչանքի երկու աղբյուր՝ կինը և երաժշտությունը։ Այս անգամ որոշեցի անդրադառնալ կնոջը։ Իսկ Եվան առաջին կինն է և կնոջ առասպելական խորհրդանիշը։

Ցուցահանդեսում փորձում եմ գովերգել կնոջը, ներկայացնել նրա արտաքին գեղեցկությունը, ներաշխարհը, կնոջ մասին իմ պատկերացումները։ Փորձելու եմ կտավի միջոցով խոսել կնոջ երկու «ես»-երի մասին։

Որո՞նք ենք այդ երկու «ես»-երը և ինչպե՞ս եք դրանք արտահայտել ձեր կտավներում:

Առաջինը կրակոտ, խորհրդավոր, անհասանելի կինն է։ Երկրորդը խորագետ ու նրբանկատ կողակիցն է։ Ինչպես հայտնի հրեական առասպելում, առաջինը Լիլիթն է, ով անհասանելի էր և դրախտի կատարյալը։ Ադամը ամբողջ կյանքում սիրեց նրան ու չկարողացավ հասնել։ Տեսնելով սա՝ Աստված ստեղծեց Եվային, ով հանդես է գալիս որպես կողակից ու ընտանիքի պահապան։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին մի փոքր Լիլիթ է և մի փոքր Եվա։

Ցուցահանդեսին լինելու են 40 կտավ Եվայի մասին և մեկ Լիլիթի մասին։ Եվաները, որոնք ընդգրկում են տարբեր կերպարներ՝ մանկահասակ աղջնակից մինչև մայր, նկարվել են բնորդուհիներով կամ հորինված կերպարներով։ Իսկ «Լիլիթ» աշխատանքը ստեղծված է առանց բնորդուհի։ Ես հորինել եմ Լիլիթին իմ նախընտրած դիմագծերով և մարմնակառուցվածքով։ Նպատակը Լիլիթին կատարյալ ստեղծելն էր (ինչպես առասպելի մեջ է)։ Լիլիթի նկարը նաև կոդավորված է. նկարը պտտելով կարող եք այլ պատկերներ տեսնել։

Ի՞նչ ուղերձ եք ցանկանում փոխանցել հանդիսատեսին այս ցուցահանդեսի միջոցով։

Նախ, ցանկանում եմ, որ մասնակիցները էսթետիկ հաճույք ստանան։ Երկրորդ, ցանկանում եմ, որ կանայք հասկանան, թե որքան խորհրդավոր և կատարյալ են նրանք։ Նույնիսկ այն, ինչ շատ կանայք կարող են համար «թերություն» (օրինակ, պեպենները), ես ներկայացրել եմ որպես «առավելություն»։ Ես ֆեմինիստական շարժման աջակից չեմ, բայց ինչ-որ իմաստով ցանկանում եմ բարձրացնել կանանց ինքնավստահությունը։

Բացի դա, «Եվա» շարքին զուգահեռ ցուցադրվելու են իմ նախորդ ցուցահանդեսների կտավները։ Ես ինքնուս եմ և յուրաքանչյուր օր նոր բան եմ սովորում։ Կարծում եմ՝ հանդիսատեսի համար հետաքրքիր կլինի տեսնել տեխնիկայի և ոճի այն էվոլյուցիան, որ ապրել եմ վերջին տարիներին։ Ինձ համար էլ հետաքրքիր կլինի լսել նրանց արձագանքը։

Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ նախաձեռնությունը այս ցուցահանդեսից հետո։

Հոկտեմբերի 10-ին նաև իմ 30-ամյակն է։ Այս ցուցահանդեսը ամփոփումն է իմ կյանքի այս հատածի։ Սա իմ վերջին մեծ ցուցահանդեսն է մեծ դադարից առաջ։ Ցանկանում եմ առաջիկա տարիների հիմնականում մաստաբային նկարներ նկարել և քանդակագործողություն ուսումնասիրել։ Հետևաբար, մինչ 2030 թվականը որևէ նոր մեծ ցուցահանդես չեմ նախատեսում կազմակերպել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում