Օլանդը նպատակ ունի հնարավորինս արագ անցնել շրջանակային համաձայնագրի իրականացմանը. Կարեն Բեքարյան

Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների փարիզյան հանդիպումը մի կողմից լավատեսություն  ներշնչեց, մյուս կողմից հոռետեսություն, որ բանակցային գործընթացում ոչինչ առաջ չի շարժվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Այնուհետ առանձնացնելով  հանդիպման դրական և բացասական կողմերը կամ  արդյունքները, քաղաքագետը նախ նկատեց՝ վատ է, որ արցախյան կողմը ներկայացված չէր և, որ առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ոչ մի հանդիպում  հակամարտության կարգավորման բանակցություններին արդյունավետություն չի հաղորդելու: Երկրորդ՝ Փարիզից անմիջապես հետո ադրբեջանական կողմը լեգիտիմացրեց առաջնագծում դիպուկահարների գոյությունն ու նրանց չհեռացնելու ցանկությունը: Երրորդ՝ Օլանդի կողմից կա նպատակ հնարավորինս արագ անցնել շրջանակային համաձայնագրի իրականացմանը, ինչը ևս բացասական փաստ է, քանի որ այստեղ հստակության էլեմենտ չկա:

Ինչ վերաբերում է փարիզյան հանդիպման դրական կողմին, Բեքարյանը նախ շեշտեց՝  վատ բանակցությունը միշտ էլ լավ է կրակոցներից, ուստի սա  հույս է տալիս, որ լարվածության թուլացումը նոր սրացումների չի վերածվի:

«Առիթ ունեցել եմ ասելու, որ որևէ միջնորդի կողմից կոնֆլիկտի կարգավորման մոնոպոլիզացումը վտանգավոր է, այս դեպքում  ականատեսն ենք լինում հակառակ երևույթի: Միջնորդ երեք երկրներն էլ հերթով կազմակերպեցին երկու երկրների նախագահների հանդիպումները»,-շարունակեց Կարեն Բեքարյանը՝ նկատելով, թե ֆրանսիական կողմի նախաձեռնության շեշտադրումը հետևյալն էր՝ հակամարտող կողմերը պետք է  վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմներ ստեղծեն և իրենց հասարակություններին պատրաստեն խաղաղության, որովհետև ներկա դրությամբ վստահության մակարդակը  չափազանց ցածր է:

Այս համատեքստում Կարեն Բեքարյանը կարևոր համարեց  Ֆրանսիայի նախագահի անդրադարձն ադրբեջանցի իրավապաշտպանների ձերբակալմանը, պարզ է, որ վստահության մթնոլորտի ձևավորման գործում  զգալի դերակատարում ունի քաղաքացիական հասարակությունը, իսկ այս դեպքում գործ ունենք փակ իրավիճակի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում