Քաղաքական նոնսենս է, երբ գործադիրի ղեկավարն ուղիղ հրահանգ է իջեցնում օրենսդիրի անդամներին՝ հրաժարվել մանդատներից

Քաղաքական նոնսենս է, երբ գործադիրի ղեկավարն ուղիղ հրահանգ է իջեցնում օրենսդիրի անդամներին՝ հրաժարվել մանդատներից

Նիկոլ Փաշինյանը հանրայինի եթերում բաց տեքստով հայտարարում է, որ ինքն է խնդրել Զեյնալյանին ու Աղազարյանին մանդատները վայր դնել՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Աղազարյանը չի մերժի իր խնդրանքը։

Պառլամենտարիզմի տեսանկյունից սա քաղաքական նոնսենս է, երբ գործադիրի ղեկավարն ուղիղ հրահանգ է իջեցնում օրենսդիրի անդամներին՝ հրաժարվել մանդատներից։ Սակայն եթե հաշվի առնենք, որ ՔՊ ողջ խմբակցությունը, մի մարդու նման, առանց որևէ բացառության իրենց մանդատները պարտական են այս մեկ մարդուն, քանի որ ՔՊ անդամներից գրեթե ոչ ոք չունի քաղաքական կենսագրություն, որևէ գաղափարախոսության կրող չէ, ավելին՝ քաղաքականությամբ է սկսել զբաղվել միայն պառլամենտում հայտնվելուց հետո, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Փաշինյանի մնացած արդարացումները՝ համակարգային խնդիր, և այլն և այլն, դատարկ խոսքեր են։ Նա բաց տեքստով յուրաքանչյուրին ասում է, որ դուք ոչինչ եք, դուք քաղաքականապես գոյություն չեք ունեցել ու չեք էլ ունենա, հետևաբար գլուխներդ կախ պարտավոր եք հլու-հնազանդ ենթարկվել ինձ, նույնիսկ միջանձնային խնդիրներ չեք կարող ունենալ միմյանց հետ առանց իմ գիտության ու թույլտվության։

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում