Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը» (ԵԳՇ): Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կառույցի տարածած հաղորդագրությունից, այս շրջանակի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել բարգավաճմանը ողջ երկրում՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, զարգացնելով մարդկային կապիտալն և ուժեղացնելով դիմակայունությունը։

«Վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի ձեռքբերումներ է ունեցել։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների՝ ցածր և գործազրկության՝ բարձր մակարդակը դեռևս հանդիսանում են աճի հիմնական խոչընդոտները: Կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակում են բնակչության աշխատունակությունն ու արտադրողականությունը: Հայաստանը խոցելի է նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:

Նոր ռազմավարությունն ընդգծում է տնտեսական ցնցումների, անկայունության և հակամարտությունների, բնական աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը»,- նշված է Համաշխարհային բանկի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հաստատված գործընկերության շրջանակը կօգնի Հայաստանին ունենալ.

Ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղեր՝ ապահովելով մասնավոր հատվածի աճի ավելի լավ պայմաններ և հասցեագրելով աշխատուժի հմտությունների բացը:
Ավելի ուժեղ մարդկային կապիտալ՝ բարելավելով որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու սոցիալական պաշտպանությունը:
Ավելի դիմակայուն տնտեսություն՝ կլիմայի նկատմամբ կայուն տնտեսական գործունեության զարգացման և պետական ​​և ինստիտուցիոնալ համակարգերի հզորացման միջոցով։ Սա ներառում է պետական ​​ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և պետական ​​կառավարման բարեփոխումները։
«Գործընկերության այս նոր շրջանակը վկայում է մեր հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին ավելի դիմակայուն և ներառական տնտեսություն կառուցելու գործում: Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և դիմակայունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքի որակը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները», – ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) սերտ համագործակցության միջոցով: ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին և ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ:

ՄՖԿ-ն իր ուշադրության կենտրոնում պահելով մասնավոր հատվածը՝ նախատեսում է խթանել ներդրումները ենթակառուցվածքներում և տնտեսության իրական հատվածներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով: Վերոնշյալ գործընկերության շրջանակում ՄՖԿ-ն կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունն ու ներդրումը կայուն ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպիսիք են «կանաչ» էներգիան, ջուրը, կապը և ավելի «կանաչ» տրանսպորտը:

ՄՖԿ-ն նաև կաշխատի ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու կլիմայահեն ապրանքների հասանելիությունը, խթանելու կայուն ֆինանսներն ու կանաչ պարտատոմսերը, ինչպես նաև առաջ մղելու թվային փոխակերպումը:

Նախատեսվում է, որ կազմակերպության ներդրումները կկազմեն 500-700 միլիոն ԱՄՆ դոլար:

«Մենք նպատակ ունենք խթանել մասնավոր հատվածի աճը Հայաստանում՝ օգտագործելով կայուն ֆինանսների և մասնավոր կապիտալի մոբիլիզացման մեր փորձը: Նոր ռազմավարության շրջանակներում մեր համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք նպաստել կանաչ զարգացմանը՝ ապահովելով երկրի երկարաժամկետ բնապահպանական և տնտեսական բարեկեցությունը»,- ասել է ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում