«Amadeus» փառատոնի բեմում կհնչի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը

Երիտասարդ կոմպոզիտոր Արթուր Աքշելյանի «Միհր 2-րդ» ստեղծագործության պրեմիերան կկայանա սեպտեմբերի 5-ին կամերային և սիմֆոնիկ երաժշտության հեղինակավոր «Amadeus» փառատոնի շրջանակներում: Երկը կկատարեն «Namascae Lemanic Modern» նվագախումբը և դիրիժոր Վիլյամ Բլանկը։ «Amadeus» դասական երաժշտության փառատոնն ամեն տարի անցկացվում է Ժնևին մերձ Տուվիեր կոչվող վայրում: Այս տարի փառատոնը մեկնարկել է օգոստոսի 29-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 7-ը: Միջոցառմանն արդեն հասցրել են մասնակցել բազմաթիվ կամերային նվագախմբեր՝ աշխարհի տարբեր երկրներից:

«Փառատոնին կհնչի ութ կատարողի համար գրված գործս, որը վերջացրել եմ այս տարվա հուլիսին: Այն անվանել եմ «Միհր 2-րդ», անվանումը կապված է հայկական դիցաբանության հետ: Նախնական գաղափարը ձևավորում է սեփական ինքնագիտակցությունը, և աստիճանաբար առաջանում է այն հուզական դաշտը, որտեղ տարբեր գործընթացներ են ի հայտ գալիս։ Այնուհետև սկսվում են կոմպոզիտորական բազում փնտրտուքները՝ բովանդակության ստեղծումը, միջոցները, որոնք կհամապատասխանեն քո լսածին։ Տվյալ դեպքում փորձել եմ գտնել հնարավորինս պարզ կոնցեպտներ, որոնք ամբողջ ընթացքում կա շխատեն հօգուտ գործի: Ինչպես նաև կիրառել եմ տարրեր ժամանակակից երաժշտության տարբեր դպրոցներից՝ հարմոնիկ, երաժշտական և ձայնային ամբողջություն ստեղծելու համար»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արթուր Աքշելյանը:

Երիտասարդ կոմպոզիտորն առաջին անգամ է մասնակցում այս փառատոնին: Տեղյակ չէ’ հայ կոմպոզիտորներից որեւէ մեկն երբևէ մասնակցե՞լ է «Amadeus»-ին: «Ամեն դեպքում էական նշանակություն չեմ տեսնում առաջինը լինելու կամ չլինելու մեջ»,- համեստորեն պատասխանեց Աքշելյանը։

Կոմպոզիտորը վերջերս գրեց Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար’ որպես դիպլոմային աշխատանք, որը սեպտեմբերի 27-ին կհնչի Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբի կատարմամբ:

«Այժմ նոր գործ եմ պատրաստում նվագախմբի համար, որն առաջին անգամ կհնչի Ժնևում՝ 2014 թվականի հունվարին՝ դիրիժոր Նիկոլաս Շալվինի ղեկավարությամբ: Բավական շատ ծրագրեր ունեմ: Դեկտեմբերին մասնակցելու եմ մի նախագծի, որտեղ ներգրավված են ևս 11 երիտասարդ հայ կոմպոզիտորներ: Այս դեպքում ամենամեծ թշնամիս ժամանակն է, բայց ցանկություն ունեմ հասցնել և իրականացնել իմ սպասելիքները,»- զրույցը եզրափակեց նա։

Արթուր Աքշելյանը ծնվել է 1984 թ. Երևանում։ 2007-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2008-ին ընդունվել է Ժնևի Երաժշտական բարձրագույն դպրոցը և տեղափոխվել Շվեյցարիա: Մասնակցել է կանադական «Domaine Forget» և անգլիական «Arditti» քառյակի մասնագիտացված դասընթացներինին:

Աքշելյանը մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, համագործակցել է բազմաթիվ հանրահայտ երաժիշտների և նվագախմբերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում