Պաշտոնական Մոսկվան կընդունի Թուրքիայի շահերը Սիրիայում. արաբագետ

Թուրքիայի նոր վարչապետ նշանակելը թուրքական արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխման նպատակ էր հետապնդում: Ավելին, նշանակումից օրեր անց  Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ  վերադառնալու են «0 խնդիր հարևանների» հետ սկզբունքին՝ նշելով այնպիսի երկրներ, որոնց հետ հաշտվելու հնարավորությունն անհավանական է համարվել Դավութօղլուի  օրոք՝ Սիրիա, Եգիպտոս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց արաբագետ Արմեն Պետրոսյանն՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիայի՝ Ռուսաստանի և Իսրայելի հետ հաշտեցումը տեղի ունեցավ նույն օրը: Այլ հարց է, որ Իսրայելի հետ հաշտեցման գործընթացը սկսվել է 2013-ին, իսկ Ռուսաստանինը՝ շատ արագ ընթացավ, ինչը պայմանավորված է Թուրքիայի նախագահ Էրդողանի ամբիցիոզ կերպարով:

«Իսրայելի հետ հաշտեցումը սկսվել է 2013-ի մարտին, երբ վարչապետ Նեթհանյաուն Օբամայի ներկայությամբ զանգահարեց վարչապետ Էրդողանին և պաշտոնապես ներողություն խնդրեց: Սա, բնականաբար, առավել հնչեղ է, քան Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակում ասված ափսոսանքը: Այստեղ մի կարևոր հանգամանք ևս կա. Իսրայելը Թուրքիային 20-21 միլիոն փոխհատուցում է տալու թուրքական քաղաքացիների սպանության համար, մինչդեռ ռուսական կողմը փոխհատուցման մասին հստակ բան չի ասում»,-ընդգծեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով Ստամբուլի Աթաթուրքի անունը կրող օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններին, որը վերագրվում  է ԻՊ-ին, արաբագետը նկատեց, որ ԻՊ-ն իր արածների համար միշտ պատասխանատվություն է ստանձնել, որի մասին հայտարարել է ժամերի ընթացքում, մինչդեռ այս դեպքում ոչ մի նման բան չի եղել, թեպետ ձեռագրային նմանություն կա: Այստեղից Արմեն Պետրոսյանը գալիս է այն եզրահանգման, որ պայթյունները ձեռնտու էին Թուրքիայի ղեկավարությանը, քանի որ այն մեղմեց հաշտեցման գործընթացների հետ կապված հնարավոր աղմուկը: Երկրորդ՝ ԻՊ-ին մեղադրանքը հուշում է, որ Թուրքիան փոխելու է իր գործելաոճը սիրիական գործընթացներում, քանի որ իրականությունը ցույց տվեց, որ նախկին մոտեցումները տապալվել են: Երրորդ՝ պայթյունների փաստը կօգտագործվի՝ ԻՊ-ի դեմ թիրախային գործողություններ իրականացնելու:

Արաբագետը չբացառեց, որ ականատեսը կլինենք Սիրիայում ռուս-թուրքական համագործակցության, քանի որ ընդհանուր շահեր կան.«Պաշտոնական Մոսկվան կընդունի Թուրքիայի շահերը Սիրիայի տարածքում՝ պայմանով, որ Թուրքիան էլ կընդունի իր դիրքերը: Սա լուրջ աշխարհաքաղաքական գործընթաց է, և սիրիական հակամարտությունը լինելով ներքաղաքական ճգնաժամ, վերածվել է նաև աշխարհաքաղաքական դիմակայության, ուստի այս խնդրի հանգուցալուծումը, բնականաբար, ենթադրում է նաև արտաքին դերակատարի շահերի ամրապնդում ապագա Սիրիայում: Թուրքիան բացառում է քրդական ինքնուրույն միավորման ստեղծումը, ռուսական կողմը ևս շահագրգռված չէ այս հարցում, ինչը  համընկնում է  Սիրիայի իշխանությունների մոտեցումներին: Երկրորդ՝ Թուրքիան որևէ կերպ չի կարող դեմ լինել Սիրիայի առափնյա շրջանում ՌԴ-ի ներկայությանը, վերջինն էլ կարող է կողմ լինել հյուսիսային հատվածում Թուրքիայի ազդեցությանը»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում