Իրաքում այս տարի 10 հազար մարդ է զոհվել

Իրաքում 2014թ.-ին սպանվել է 10 հազար մարդ, վիրավորվել` մոտ 20 հազար մարդ, ևս 2 միլիոն մարդ գաղթել է երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի հատուկ ն երկայացուցիչ Նիկոլայ Մլադինովը: Նա կոչ է արել Իրաքի կառավարությանը ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը և պատասխանատվությունը:

Իր հերթին ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչը նշել է, որ «Իսլամական պետությունը» գրավել է երկրի կարևոր հաստատությունները, և ՄԱԿ-ից պահանջել է աջակցել կազմակերպությունը հնարավորինս արագ ոչնչացնելու գործում:

Իրաքում, ՄԱԿ-ի տվյալներով, հոկտեմբերին բռնությունների զոհ է դարձել 1270 մարդ, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված` ԱՄՆ-ի քաղաքացի Պիտեր Քեսիգի, ինչպես նաև 15 սիրիացի զինծառայողների սպանությունը:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում