Եվրասիական ինտեգրացումը չի հակադրվում եվրոպականին. Կոսաչով

Եվրասիական ինտեգրացման գործընթացն իրեն չի հակադրում եվրոպական ինտեգրացմանը՝ թույլ տալով հավասարարժեք երկխոսություն վարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին Կազանում հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:

«Եվրասիական ինտեգրացման նախագիծը բացարձակապես իրեն չի հակադրում եվրոպական ինտեգրացմանը եւ համագործակցությանը: Բայց մենք հնարավորություն ունենք այժմ, երբ հաջողակ ենք այս նախագծում, մեր եվրոպացի գործընկերների հետ երկխոսություն վարել ավելի ուժեղ դիրքերից եւ, ինչն սկզբունքորեն կարեւոր Է, ոչ ուրիշների, պարտադրված պայմաններով»,-հայտարարել Է Կոսաչովը «Եվրասիական տնտեսական ինտեգրացումը. ձեռքբերումներ եւ խնդիրներ» հանրային համաժողովի ընթացքում:

Կոսաչովի խոսքով՝ այդ երկխոսության մեջ Եվրասիական տնտեսական միության երկրները բնականաբար հենվելու են նաեւ համաշխարհային աճի ասիական ներուժի վրա՝ այն օգտագործելով ամենաակտիվ կերպով:

«Եվրասիական տնտեսական ինտեգրացումը. ձեռքբերումներ եւ խնդիրներ» երկրորդ հանրային համաժողովը նոյեմբերի 27-28-ին ընթանում Է Կազանում: Համաժողովի աշխատանքին մասնակցում Է 20 երկրներից ժամանած ավելի քան 300 մարդ, տեսակապի միջոցով համաժողովին միացել են Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Բելգիայի, Վիետնամի փորձագետները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում