ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը նշել է ստեղծման 20-ամյակը

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը նշել է ստեղծման 20-ամյակը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվել են դեկտեմբերի 15-ին, տոնական հանդիսությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառման ընթացքում ցուցադրվել է Առաջին ուսանողական ալիքի նկարահանած «20 տարի ուսանողի կողքին» ֆիլմը, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ոսկե հուշամեդալով են պարգևատրվել բուհի ՈՒԽ նախկին նախագահները՝ Մարկոս Շիրինյանը, Աբրամ Բախչագուլյանը, Արմեն Ալեքսանյանը, Արթուր Գյուլազյանը, Սևակ Խաչատրյանը։ Հայտարարվել է նաև տենտեսագիտական համալսարանի 2014թ. լավագույն ուսանողը: Այդ պատվին է արժանացել Անի Կարապետյանը, ով որպես պարգև ստացել է ճանապարհորդության ուղեգիր դեպի Եվրոպա և պլանշետ։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բուհի ուսանողական խորհրդին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է հղել ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից։

Նախարարն ընդգծել է, որ տնտեսագիտական համալսարանն իր համար հարազատ բուհ է։ «Որպես տնտեսագիտական համալսարանի ուսանողության լավ բարեկամ՝ ես այստեղից տարել եմ ինձ համար ամենակարևորը` այն, որ ոչ մի տեղ չես կարող գտնել, ոչ էլ գնել գումարով, այն, որ չի գալիս քեզ պաշտոնով, մանդատով և այլն։ Այստեղ ես ձեռք եմ բերել ընկերներ։ Տնտեսագիտական համալսարանն անցել և անցնում է դժվարին, բայց լավ ուղի։ Եվ ուսանողությունը նրա շարժիչ ուժերից մեկն է։ Ես չեմ պատկերացնում Հայաստանում ուսանողական շարժում առանց ուսանողական խորհրդի, որի հոբելյանն ենք այսօր նշում, բայց որի համար մեծ անելիքներ նախատեսում ենք միասին»,- նշել է Արմեն Աշոտյանը։

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նկատել է, որ, ստեղծվելով երկու տասնամյակ առաջ, ուսանողական ինքնակառավարման մարմիններն անցել են ինքնադրսևորման և կայացման յուրահատուկ ճանապարհ՝ դառնալով համալսարանական իրականության բաղկացուցիչ։ «Մեր համալսարանի ուսանողական խորհուրդը պատվով է անցել կայացման առաջին երկու տասնամյակները և քայլում է կայուն զարգացման ճանապարհով»,- ընդգծել է ռեկտոր Աթոյանը։

Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշել է, որ իրենց կառույցը վերաճել է մի մեծ, միասնական ու յուրօրինակ ընտանիքի` ընտանիք, որում ամենատարբեր նախասիրություններ, մտածելակերպ ու աշխարհայացք ունեցող մարդիկ միավորվում են գաղափարների շուրջ։ «Այս ընտանիքում միավորվում են ավագների փորձն ու կրտսերների նոր պատկերացումներն աշխարհի մասին: Մարդիկ, ովքեր եղել են այս կառույցի ստեղծողն ու պատմության առաջին էջերը կերտողը, այսօր` 20 տարի անց, կանգնած են նոր սերնդի կողքին. այստեղ միշտ կարելի է վստահ լինել, որ դու մենակ չես»,- նշել է ՈՒԽ նախագահը՝ ավելացնելով, որ կառույցն ուսանողության բարձրաձայնած յուրաքանչյուր հարցի փորձել է տալ լուծումներ, աջակից լինել, պաշտպանել ուսանողի շահերը, ընձեռել հնարավորություն ինքնադրսևորվելու, մասնակից լինելու կրթական, հասարակական ու մշակութային բնույթի բազմաթիվ միջոցառումների, օգնել մասնագիտական նոր բացահայտումների, աճի և կայացման հարցում:

ՀՊՏՀ ՈՒԽ 20-ամյակին նվիրված երեկույթը համեմված է եղել հումորային, երաժշտական համարներով. ելույթ են ունեցել ինչպես բուհի ուսանողները, այլնպես էլ սիրված երգիչ-երգչուհիներ։

Ուսանողական կառույցի հոբելյանական միջոցառումների շարքը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ՈՒԽ-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում