«Առավոտ». Մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանի ազդեցությունն է, ոչ թե անհիմն թանկացումները, այլ տկար պետություն ունենալը

«Առավոտ». Մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանի ազդեցությունն է, ոչ թե անհիմն թանկացումները, այլ տկար պետություն ունենալը

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վարքն ինձ տարօրինակ է թվում: Նա մի լրագրողի ասում է, որ «սխալ բաներ» խոսացողի ականջները կկտրի, այդ հարցազրույցի համար իր վերադասից նկատողություն է ստանում: [Չնայած գեներալ-լեյտենանտին «կարգապահական տույժ» տալը նույնպես բավականին արտառոց է]: Դրանից հետո մեկ այլ լրագրողի նա ասում է, որ այդ «սխալ խոսացող» մարդկանց գլուխները կջարդի: Ըստ երևույթին, նա ձգտում է ստանալ հաջորդ նկատողությունը: Իսկ եթե լուրջ, դա վկայում է մի բանի մասին. մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը, ինչով պետp է զբաղվի ոստիկանը, նախարարը, պատգամավորը, Կենտրոնական բանկը և այլն, ինչ պարտականություններ ունենք մենք՝ քաղաքացիներս: Մասնավորապես, ինչպես 20, այդպես էլ 10 տարի առաջ մեր պաշտոնյաներին թվում է, որ պետության հարցերը հնարավոր է լուծել գլուխ ջարդելով կամ ականջ կտրելով:

Փոխոստիկանապետը, շարքային քաղաքացին [անկախ նրանից՝ նա կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ ոչ, ու խորհրդարանի գեներալ-պատզամավորը չունեն այն գիտակցությունը, որ նրանք ապրում են պետությունում, ոչ թե «քուչում», որտեղ հարգի է ֆիզիկական ուժի կիրառումը:

Հատուկ չեմ գրում դոլար-դրամ հարաբերության մասին: Որովհետև մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանի ազդեցությունն է, ոչ թե անհիմն թանկացումները, ոչ թե սպեկուլյացիան կամ խուճապը: Այդ ամենն ածանցյալ է: Իսկ հիմքը տկար պետություն ունենալն է»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում