«168 ժամ». Սպեկուլյացիաներով, «շուստրիություն» անելով՝ հնարավոր է նաև լուրջ վնասներ կրել

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Արտարժույթի շուկայում դեպքերն անհավատալի արագությամբ են զարգանում: Դրամն արժևորվեց ավելի արագ, քան արժեզրկվում էր: Առևտրային բանկերը երեկ օրվա վերջին ԱՄՆ դոլարը գնում էին 430-440 դրամով, վաճառում՝ 450-460 դրամով: Հիշեցնենք, որ ընդամենը երեք օր առաջ դոլարի առքի գինը հասել էր 550 դրամի, իսկ վաճառքի գինը որոշ փոխանակման կետերում գերազանցում էր 650 դրամը: Իսկ այսօր բանը հասել է այնտեղ, որ ԿԲ-ի կողմից օրական կտրվածքով աճուրդի հանված 4 միլիոն դոլարը, արդեն երկու օր շարունակ, բանկերը չեն ցանկանում գնել: Դրամի արժևորման պրոցեսը սկսվեց չորեքշաբթի օրը երեկոյան: Այդ օրը ԿԲ նախագահն ասուլիս էր հրավիրել և ասել, որ դրամը գերարժեզրկված է և անպայման կարժևորվի: Իսկ երեկոյան դռնփակ քննարկում էր կազմակերպվել ԱԺ-ում: Դժվար է ասել՝ այս իրադարձություններն ինչ դեր խաղացին, որ փոխարժեքը սկսեց շարժել հակառակ ուղղությամբ: Բոլոր դեպքերում, դրամի շեշտակի արժեզրկումը 1-2 օրում, իսկ հետո՝ նույնքան շեշտակի արժևորումը, փաստում են մի բանի մասին՝ տեղի են ունեցել խոշոր սպեկուլյացիաներ:

Մասնավորապես, մեր տեղեկություններով, մի շարք պաշտոնատար անձինք (այդ թվում՝պատգամավորներ) վերջին օրերին գնել են մեծ քանակությամբ արտարժույթ՝ հետագայում ավելի թանկ գնով փոխարկելու նպատակով: Հենց դա էլ նպաստել է խուճապի ձևավորմանը: Ուշագրավն այն է, որ այս խոշոր սպեկուլյանտներն այսօր կանգնել են կոտրած տաշտակի առաջ: Իրենց մոտ հավաքված մեծ քանակությամբ արտարժույթը, որ գնել էին թանկ գնով, աչքի առաջ արժեզրկվում է: Ու, որ ամենաուշագրավն է, այս մարդիկ այսօր ավելի մեծ խուճապի մեջ են՝ չգիտեն՝ դրամի վերածել իրենց արտարժույթը, թե՞ առայժմ պահել: Մի կողմից՝ տեսնում են, որ դրամն արժևորվում է, իրենց մոտ եղած արտարժույթը՝ արժքը կորցնում: Մյուս կողմից՝ հասկանում են՝ եթե սկսեն դոլարները վաճառել, դոլարի գինն ավելի կընկնի: Այս ամենի մեջ մի դրական բան կա. ոմանք միգուցե հասկանան, որ սպեկուլյացիաների մեջ մտնելով, «շուստրիություն» անելով՝ հնարավոր է նաև լուրջ վնասներ կրել: Ի դեպ, չի բացառվում, որ այդ մարդիկ սկսեն ակտիվ լուրեր շրջանառել, որ դոլարը նորից կտրուկ թանկանալու է: Հույսով, որ քաղաքացիները նորից խուճապահար կվազեն դոլար գնելու, և արտարժույթի գինը կբարձրանա»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում