Քաղաքական իրավիճակը կարող է Ադրբեջանին ստիպի նայել ԵՏՄ-ի ուղղությամբ. Բեքարյան

ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանը լուծեց «և, և»-ի  քաղաքականության երկրորդ և-ի խնդիրը, իսկ առաջինի դեպքում դեռ պետք է հասկանալ, թե ինչպես է շարունակվելու երկխոսությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց Եվրոպական ինտեգրացիա հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կհաստատվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամամակցությունը.«Եթե վաղը հանդիպման ընթացքում շրջադարձային ինչ-որ իրադարձություններ  տեղի չունենան, ինչը ես չեմ կարծում, թե կլինի, ապա կհաստատվի, որ Հայաստանը 2015թ հունվարի 2-ից դառնում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»:

Շարունակելով միտքը և անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ճակատագրին, քաղաքագետը նկատեց, որ  2015-ի գարնանը ԵՄ-ի հետ իրավապայմանագրային նոր ձևաչափ կունենանք, թե ինչպես դա կանվանվի՝ «ասոցացում մինուս» կամ «ռազմավարական գործընկերության համաձայնագիր», արդեն երկրորդական հարց է: Մի բան պարզ է՝ չի կարելի մի կողմ դնել արձանագրված փաստը, որ Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, այսինքն՝ բանակցային  գործընթացին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար պիտի հենվեն ինչ–որ տրամաբանության վրա, որը նախորդից այդքան էլ չի տարբերվի:  Ըստ նրա, երբ ԵՄ-ի դեպքում դրվեն քաղաքական արժեհամակարգային հարցեր՝ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության,  արդարադատության, քաղաքական խորհրդատվությունների հետ կապված, պետք է վերապահում լինի՝ ԵՄ-ի հետ Հայաստանը պետք է ունենա տնտեսական համագործակցություն, ինչն ի գիտություն պետք է ընդունեն ՀՀ մյուս գործընկերները. «ԵՄ-ի անդամ բոլոր երկրները, Ռուսաստանը և Հայաստանը  Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են և, իհարկե, կարող ենք ունենալ համագործակցություն»:

Այս համատեքստում  Կարեն Բեքարյանը խոսելով  Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումից, անհեթեթ համարեց այն խոսակցությունները, թե այն ստեղծվում է ԵՏՄ-ի համար: Նրա պնդմամբ, նախարարությունը պետք է ակտիվ լինի ինտեգրացիոն երկու ուղղություններով, այսինքն՝ նախարարի մի տեղակալը պետք է կուռացիա անի ԵՏՄ-ի, մյուսը՝ ԵՄ-ի ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՏՄ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ֆոնին Ադրբեջանի քաղաքական պահվածքին, Կարեն Բեքարյանը շեշտեց, որ  Ադրբեջանը ունեցել է առավել նետրալ դիրք՝ հավելելով, որ ԵՄ-ից առաջարկ չի ունեցել, փոխարենը ԵՏՄ հիմնադիր անդամներից ցանկացել են նրան տեսնել  այս միության կազմում, բայց  Ադրբեջանը այս շրջանակում փոխլրացման որևէ խնդիր չունի, ավելին՝ լինելով էներգակիրներ արտահանող երկիր՝ հասկացել է, որ այստեղ ունենալու է այդ երկրների հետ բախվող շահեր: Միաժամանակ, քաղաքագետը չբացառեց, որ քաղաքական իրավիճակը կարող է Ադրբեջանին ստիպի նայել ԵՏՄ-ի ուղղությամբ:

Տեղափոխվելով  ուկրաինական զարգացումներով պայմանավորված ՌԴ-Արևմուտք հակամարտության գոտի, Կարեն Բեքարյանը նկատեց, որ Հայաստանը երբեք չի փորձել իր արտաքին քաղաքականությունը կառուցել ուժային կենտրոնների շահերի բախման վրա, այլ միայն դրանց համադրության, ուստի Հայաստանին ձեռնտու է  Ուկրաինայում իրավիճակի և ՌԴ-Արևմուտք լարվածության լիցքաթափումը, հատկապես, երբ այն իր որոշակի ազդեցությունն  է ունենում Հարավային Կովկասի և Հայաստանի վրա:

Այստեղ Բեքարյանը նկատեց, թե ղարաբաղյան բանակցային գործընթացը համանախագահող  երկրների միջև յուրահատուկ կամուրջ է, որպեսզի նրանց  հարաբերությունները որոշ առումով զսպված լինեն և ցույց տան, որ կան խնդիրներ, որոնց շուրջ կարող են միաբան լինել.«Եթե համանախագահողները փորձեն ղարաբաղյան բանակցային գործընթացի հաշվին ևս ինքնահաստատվել, ապա որևէ դրական բան չենք կարող սպասել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում