Կեցցեի արժանի վաղվա Հայաստանը չենք ունենա, եթե պոստ պահող թագավոր տղերքը չլինեն. Այս օրը զոհվել են Մովսեսն ու Արմենը

Կեցցեի արժանի վաղվա  Հայաստանը չենք ունենա, եթե պոստ պահող թագավոր տղերքը չլինեն. Այս օրը զոհվել են Մովսեսն ու Արմենը

25 տարի առաջ՝ 1990-ի հունվարի 19-ին Երասխավանի ինքնապաշտպանական մարտում դավադիր գնդակից զոհվեց ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը՝  չտեսնելով  Կեցցեի  արժանի  իր երազած Հայաստանը՝ Ազատ, Անկախ, Ինքնիշխան:

1990թ. հունվարի 18-ին լուր ստացավ, որ իրավիճակը Արարատի մարզի Նախիջևանի սահմանամերձ գոտում կտրուկ սրվել է: Ադրբեջանական զինուժը շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էր հայկական բնակավայրերը: Զոհեր և վիրավորներ էինք ունենում նաև խաղաղ բնակչության շրջանում: Ահագնացող սպառնալիքը պետք էր չեզոքացնել և ինքնապաշտպանական ջոկատները շտապեցին դեպի Երասխավան: Մովսեսն այդ օրը հիվանդ էր` ջերմություն ուներ, բայց սեփական առողջության մասին մտածելու` սնվելու, քնելու, ապաքինվելու ժամանակը չէր և չկար. Երասխավանի կռիվը «Անկախության բանակի» առաջին մարտն էր և այն էլ` խորհրդային բանակի դեմ:

Քաջ գիտակցելով, թե հայ-ադրբեջական սադրանքների թիկունքում ովքեր են կանգնած և ինչ նպատակ են հետապնդում, 1990թ.-ի հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրա լսվեց Մովսեսի կանգնած գոռաց. «Չե՞ք տեսնում, սա խաղ է` թատրոն»: Հետո շրջվեց դեմքով դեպի սարն, ուր տեղակայված էր թշնամին` խորհրդային ստորաբաժանումների աջակցությամբ, և շարունակեց զայրացած ձեռքերով ինչ-որ  բաներ ասել: Ավարտվել էր սադրանքը և հետ վերադառնալ էր պետք, սակայն, վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը խլեց գաղափարի և զենքի մարտիկի կյանքը, ով կարծում էր, որ ինքնապաշտպանությունը ազգի սրբազան իրավունքն է:

«Անկախության բանակ» ջոկատի հրամանատարը հանգչում է Ծիծեռնակաբերդի բարձունքում, որտեղ 1979թ. փետրվարի 18-ին զինվորագրվեց Հայաստանի պետականության վերականգնման, Հայ դատի արդարացի լուծման պայքարին ու դարձավ ԱՄԿ երդվյալ  անդամ. «Երդվում եմ ես քեզ, ժողովու՛րդ հայոց, երդվում եմ անմեղ զոհերիդ արյամբ… բյուր զավակներիդ սուրբ գերեզմանով, քանի պղծում է իր ներկայությամբ Հայոց սուրբ հողը գեթ մի թշնամի, քանի շնչում եմ, քանի ապրում եմ, կպայքարեմ՝ սրի դեմ սրով, հրի դեմ՝ հրով, մահվան դեմ՝ մահով: Իմ կյանքը քոնն է….»:

1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով`  ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ  ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային  գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության  «Ազգային Հերոս» բարձրագույն կոչում:

Մովսեսի զոհվելուց 24 տարի անց նույն օրը՝ 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զոհվեց  ԼՂՀ ՊԲ զինծառայող  կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը՝ հանուն Մովսեսի երազած դե յուրե կամ փաստական  Անկախ Հայաստանի ներկայի և ապագայի, հանուն այսօրվա մեր ունեցած սահմանների և ոչ ամբողջական տարածքների պաշտպանության:

Մեկ տարի առաջ  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում  հակառակորդի դիվերսիոն խմբերը ձեռնարկում են ներթափանցման միաժամանակյա փորձեր։ 

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցնում են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառում զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտելով  իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության ժամանակ հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրն արիաբար կատարելիս  զոհվում է ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:  Ոչ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանցիների հատուկ պատրաստված ջոկատայինների թիվը հասնում էր 45-ի՝ երկու ուղղություններում միասին վերցրած: Իսկ հայկական կողմից եղել են ժամկետային զինծառայողներ` 9 հոգի:

Դեպքից օրեր անց  Արմեն Հովհաննիսյանը  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  հետմահու պարգևատրվում է  «Արիության համար»  մեդալով, իսկ  ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի:

Եվ այստեղ ականատեսն ենք լինում  հերոսների սերնդափոխության հասարակական պահանջի, մյուս  կողմից՝ Արմեն Հովհաննիսյանը և, առհասարակ,  սահմանը պահած և պահող տղաներն արդեն կանոնավոր բանակի կազմում եկան փոխլրացնելու  անկախական ՀՀ ազգային հերոսի տեսլականը՝ Կեցցեի արժանի վաղվա  Հայաստանը չենք ունենա, եթե պոստ պահող թագավոր տղերքը չլինեն:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում