Երկուշաբթի ԱԳՆ-ից պահանջելու ենք, որ աշխատեն. Ռոման Ծատինյան

Հարցազրույց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Ռոման Ծատինյանի հետ.

Ռոմա՛ն, ձեր միությունը երկուշաբթի ծրագրում է երթով գնալ դեպի ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակ: Պարզաբանեք, ո՞րն է նպատակը:

-Այս տարվա սկզբից սկսյալ սահմանին կրկին լարված է: Մեծ հաշվով, մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Արդեն 14 զոհ ունենք: Պատերազմում խոսում է ոչ միայն զենքը, այլ նաև դիվանագիտությունը: Իսկ մեր Արտաքին քաղաքական գերատեսչությունը, իմ խորին համոզմամբ, շատ թույլ ու իներտ պահվածք ունի նման հարցերում: Հիմա ես ձեզ եմ հարցնում, քանի՞ ագրեսիվ քաղաքական հայտարարություն եք լսել ԱԳՆ-ից կամ ԱԳ նախարարից, քանի՞ անգամ են ԱԳՆ հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանները: Թերևս, ոչ մի: Ավելին, համանախագահներն ինչ-որ լղոզված հայտարարություններ են անում՝ ուղղված երկու կողմերին: Վերջապես ե՞րբ պետք է դադարեցվեն երկակի ստանդարտները: Մեր բանակը միայն պատասխանում է, նախահարձակ չի լինում: Իսկ ԱԳՆ-ի խնդիրն է դա հասցնել աշխարհին, միջազգային հանրությանը: Մեր ԱԳ նախարարին մեկ տեսնում ենք Ինդոնեզիայում, մեկ, չգիտեմ, ասենք Մադագասկարում: Պարոն Նալբանդյան, մենք Ձեր կարիքն այժմ ունենք այստեղ՝ Հայաստանում:

-Իսկ ՄԱԿ-ի գրասենյակ գնալու նպատակը ո՞րն է:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Եթե իրենք ստանձնել են բանակցային գործընթացի մանդատը, թող բարի լինեն մատը մատին տալ, ինչ-որ բան ձեռնարկել: Մի՞թե իրենք չեն տեսնում, որ Ադրբեջանն է լարում իրավիճակը սահմանին: Եթե պատերազմ սկսի, մենք ազգովի զինվոր ենք դառնալու: Հետո թող ՄԱԿ-ում կամ միջազգային ինչ-որ կառույցներում չքննադատեն մեզ, երբ Ադրբեջանը շարունակի լացել «կորուսյալ տարածքների» մասին:

-Ե՞րբ է մեկնարկում երթը:

-Երթը մեկնարկում է երկուշաբթի՝ ժամը 11:00-ին, ՀՀ Կառավարության շենքի դիմացից: Քայլելով գնալու ենք ԱԳՆ՝ հանձնենք մեր նամակը, հետո շարժվենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ կրկին նամակ հանձնելու համար: Առիթից օգտվելով դիմում եմ բոլոր ուսանողական կառույցներին՝ միանալու մեզ: Այստեղ կուսակցական, քաղաքական պատկանելիությունը երկրորդական է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում