Բաքուն պետք է Ստեփանակերտի հետ բանակցի. տարածքների հարցի պատասխանը ԼՂՀ Սահմանադրության մեջ է. Թևան Պողոսյանը՝ ադրբեջանցի փորձագետին

Սահմանին  իրավիճակը սրելու քարտ-բլանշ Ռուսաստանից Ադրբեջանին. Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցումը  փոփոխություն է մտցրել ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում

Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ  Թևան Պողոսյանի  դիտարկմամբ  ՀՀ-ի և Արցախի  հատվածում  սահմանային  լարվածության սրացումը կանխատեսելի էր, քանի որ 2015 թվականը  սպեցիֆիկ տարի է Հայաստանի համար՝  հայկական հարցի տեսանկյունից և, բնականաբար, Ադրբեջանը պետք է ինչ-որ չափով օգներ իր ավագ եղբայր Թուրքիային, սրան գումարած համաշխարհային շուկայում նավթի գների անկումն ու Ադրբեջանում առկա  ներքին  խնդիրները՝ կապված  Մարդու իրավունքների հետ:

Ըստ  նրա՝  ՀՀ ռազմական  ղեկավարությունը սա շատ լավ գիտակցում  էր,  ինչի մասին վկայում  է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ ստորաբաժանումների հրամանատարներն իրավունք ունեն   հենց  տեղում որոշելու և Ադրբեջանին պատասխանելու, ինչպես նաև նախահարձակ լինելու: Մեդիա կենտրոնում սահմանային լարվածության թեմայով  հրավիրված քննարկմանը ԱԺ պատգամավորը շեշտեց, որ հասարակության համար  ևս պետք է հասկանալի լինի, որ պատերազմը դեռ չի վերջացել, իսկ եթե չի վերջացել, ուրեմն՝  պետք է պատրաստ լինենք նման սադրանքների:

Քննարկմանը տեսազանգի միջոցով (Skype) մասնակցող ադրբեջանցի փորձագետ, Պատերազմի և  խաղաղության ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Շահին Ռզաևը նկատեց, որ սահմանին լարվածության սրացում եղել և 2008-ի Մարտի մեկին, և նախորդ տարի հուլիս-օգոստոսին՝ միաժամանակ   ընդունելով, որ զոհերի թիվն է աճել:

«Ադրբեջանում ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել, ուստի զինվորներ են մահանում սահմանին»,-շեշտեց Ռզաևը՝ «երգելով»  «օկուպացված տարածքների» մասին ադրբեջանական հին երգը: Վերջինը նաև ակնարկեց ՌԴ-ից քարտ- բլանշի մասին՝  ասելով, թե  ՀՀ-ի`  ԵՏՄ-ին անդամակցելուց ոչ թե ՀՀ-ՌԴ հարաբերություններն են փոխվել, այլ ՌԴ-Ադրբեջան, ինչի  ապացույցն է Կրեմլի ոչ համարժեք արձագանքը հայկական ուղղաթիռի կործանման  և որոշ  այլ դեպքերին:

Վերադառնալով  սահմանին լարվածության սրացման դրդապատճառներին, ադրբեջանցի փորձագետը հիշեցրեց, որ այս տարվա աշնանը Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են  սպասվում՝ պնդելով, որ մայդանի հավանականությունն իր երկրում  զրոյական է: Ռզաևը պատասխանելով  Թևան Պողոսյանի  դիտարկումներին,  փորձեց համոզել, որ նավթի գների անկումը չի ազդել իրենց տնտեսության վրա և մանաթը վատ վիճակում չէ, այնուհետ  հայտարարեց, թե արդար չէ ասել, որ միշտ ադրբեջանական  կողմն է նախաձեռնողը, իսկ  հայկականը միայն պատասխանողի դերում է, քանի որ Հայաստանում տնտեսությունը ծանր վիճակում է և ՀՀ իշխանությունները ևս ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու խնդիր ունեն:  Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Ռզաևը նշեց, որ Ադրբեջանի կողմից դժգոհություն եղել է միայն «Ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ:

Այստեղ  Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ  Թևան Պողոսյանը միջամտեց՝ ասելով, որ ՀՀ իշխանություններին պետք չէ ներքին խնդիրները շեղելու համար գնալ սահմանին լարվածության սրացման, երբ Ադրբեջանն առանց դրա էլ սրում է իրավիճակը, դրա անհրաժեշտությունը  չկա:

Հանդիպմանը ներկա Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը վերլուծելով  հայ-ադրբեջնական սահմանի վերջին օրերի լարվածությունը, նկատեց, որ ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, պարզապես  ադրբեջնական հարձակումների աշխարհագրությունն է մեծացել: Ըստ այդմ՝ եթե  նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների քանակով, ապա  հիմա զոհերի: Ռիչարդ Կիրակոսյանը հերթական անգամ համոզվել է՝   ՀԱՊԿ-ը թույլ է և  անկարող է անվտանգություն ապահովել: 

«Չնայած, որ Ադրբեջանի ռազմական ոլորտում տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարվել, բայց էականը ոչ թե ներդրումներն են, այլ դրանց արդյունավետությունը: Այս առումով, Հայաստանի պաշտպանողական դիրքն ավելի ուժեղ է, քան Ադրբեջանի հնարավոր հարձակողական նկրտումը»,- ընդգծեց նա:

Բանախոսներից Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ իր հերթին դիմելով ադրբեջանցի փորձագետին պնդեց, որ ՀՀ-ի և  Արցախի  հետ սահմանին լարվածության սրացման նախաձեռնությունն Ադրբեջանինն է, որով փորձ է արվում միջազգային հանրությանը ցույց տալ, որ  ԼՂՀ հարցը լուծված չէ, սառեցված չէ՝ հավելելով, որ Ադրբեջանում  և ղեկավարությունը, և հասարակությունը պետք է իմանա, որ նման քաղաքականությունը գին ունի և, որ այն ստիպում է բանակցություններին կողմ լինողներին լռել և համաձայնել, թե  պետք է համարժեք պատասխան տրվի:

Ինչ վերաբերում է ՌԴ-Ադրբեջանի փոխհարաբերություններին, ապա ըստ փորձագետի,  ՌԴ-ն  ամեն կերպ փորձում է Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ-ում, որտեղից էլ գալիս է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը. «Եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, նույն արհամարհական վերաբերմունքին կարժանանա ՌԴ-ի կողմից»:

 

Բաքուն պետք է Ստեփանակերտի հետ բանակցի. տարածքների հարցի պատասխանը   ԼՂՀ Սահմանադրության մեջ է

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը  հայտարարեց, որ գոյություն ունի նախագահների հանդիպում, բայց ոչ բանակցային գործընթաց: Միաժամանակ, փորձագետը նշեց, որ հրադադարից հետո իրավիճակը   հակամարտող կողմերն են ըստ էության, հսկել  և այսուհետ էլ   պետք է   հասկանան, որ երրորդ խաղացողն այս գործում ձեռնտու չէ, իսկ դա կարող է լինել Ռուսաստանը, քանի որ մյուս համանախագահող երկրները տարածաշրջանում լծակներ  չունեն:

Այստեղ Ռիչարդ Կիրակոսյանն ակնարկեց, որ Ռուսաստանն  անկանխատեսելի է և ուկրաինական զարգացումներից ելնելով  կարող է գնալ ԼՂ հարցում ավանդական դիրքորոշման  փոփոխության, իսկ մնացած համանախագահող երկրները  հետևողական են մեկ  կուրսի:

Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ Շահին Ռզաևն այստեղ պահանջեց վերադարձնել «օկուպացված» տարածքները՝  սկսելով   երեք  շրջանից՝  միևնույն  ժամանակ ընդունելով, որ ԼՂ-ի խնդրի որոշողը Հայաստանն ու  Ադրբեջանը չեն: Ռզաևն արձանագրեց, որ այսօր վստահություն չկա կողմերի միջև, նախագահների միջև էլ  կապ, ինչպես Հեյդար Ալիևի և  Լևոն Տեր-Պետրոսյանի  ժամանակ:

Զավեշտալի էր, որ ադրբեջանցի փորձագետը քննարկման ժամանակ բողոքեց, թե Ադրբեջանի նկատմամբ  երկակի  ստանդարտներ է կիրառվում՝ անդրադառնալով Գյումրիում կատարված ողբերգությանը: Ադրբեջանցի վերլուծաբանն այս  համատեքստում  նկատեց,  թե  Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին հայ սպորտսմենների մասնակցությունը և ավելի վաղ Եվրատեսիլին երաժիշտներինը  կհանգեցներ  փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը:

Շահին Ռզաևի հայտարարություններին պատասխան լուրջ հարված հասցրեց Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը՝  թարմացնելով ադրբեջանցի փորձագետի հիշողությունն առ այն, որ երբ Ռամիլ Սաֆարովը քնած  հայ սպային կացնով սպանեց, Ադրբեջանում ոչ մեկ չասաց, թե նրան պետք է հանձնել  Հայաստանին, իսկ այսօր Պերմյակովից  են   խոսում:

«Ինչ վստահության մասին եք խոսում, երբ Ֆրանսիայի հանդիպումից  երեք օր հետո ուղղաթիռ եք խփում: Ի վերջո, ի՞նչ փոխվստահության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանում մարդկանց բանտ են նստեցնում արտահայտած կարծիքի համար: Բանակցային գործընթացի լեզուն այսօր դեռ առաջին գծում կրակոցներն են: Եթե երեք օր հետո դուք շնորհավորեք հաղթական հայկական բանակին, ես կհամարեմ, որ փոխվստահության առաջին քայլն արված է: Ի դեպ, տարածքների մասին ԼՂՀ-ի Սահմանադրության մեջ ամեն ինչ գրված է, ինտերնետում կա, կարող եք վերցնել և ծանոթանալ»,-շարունակեց Թևան Պողոսյանը:

Աժ պատգամավորն անարձագանք չթողեց նաև ՌԴ արտգործնախարար Լավրովին Արցախում դատապարտված  դիվերսանտների  խնդրով  դիմելու փաստն՝ ակնարկելով, թե պետք է նախ Լավրովին առաջարկել ճանաչել Արցախի անկախությունը: 

«Եվ առհասարակ, Բաքուն պետք է  Ստեփանակերտի հետ բանակցի: Սա է հարցի լուծման բանալին: Քանի այդ գիտակցությունը չկա, իրավիճակը կշարունակվի մնալ այսպիսին: Այն, ինչ այսօր կատարվում է Ադրբեջանում, ավելի է բարդացնում բանակցությունների միջոցով հարցի լուծման հնարավորությունը»,-հակադարձումն ամփոփեց Թևան Պողոսյանը:

Իսկ երբ Ռզաևին առաջարկվեց պատասխանել  պատասխանին, վերջինն արձագանքեց, թե հեռու է դեմագոգիայից:

«Երբ պատասխան չկա, միշտ էլ ասվում է, թե դեմագոգիա է»,-նկատեց Թևան Պողոսյանը:

 

Մարիամ Պետրոսյան

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում