«Ժամանակ». Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով մաքսային դրույքաչափերի շուրջ անորոշությունը պահպանվում է

«Ժամանակ». Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով մաքսային դրույքաչափերի շուրջ անորոշությունը պահպանվում է

«Ժամանակ»-ը գրում է. «Մաքսային դրույքաչափերի հետ կապված անորոշություն է ստեղծվել, արտահանողները և ներկրողները սպասողական վիճակում են: Նոր դրույքաչափերի հետ կապված տեղեկատվությունը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում է, սակայն դաշտում առկա խուճապային տրամադրությունները չեն ցրվում, ինչն էլ իր հերթին սկսում է ազդել ներկրումների հունվար ամսվա ծավալների վրա: Որպես կանոն, հունվարը ներկրումների և արտահանումների համար պասիվ ամիս է, սակայն տոներից հետո կարծես այստեղ դեռ արձակուրդային տրամադրություններ են, և աշխուժություն չկա: Տնտեսավարողները սպասում են նոր ապրանքատեսակների ներկրման առաջին խմբաքանակին, սակայն դեռ հստակ պատկերացումներ չունեն, թե ինչ պայմաններով է իրենց ապրանքը մաքսազերծվելու»:

Մաքսային միջնորդական ծառայություն իրականացնող «Տրանսիմպեքս» ընկերության տնօրեն Արման Ղազարյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դաշտում առկա անորոշությունը պայմանավորված է ոչ թե դրույքաչափերի, այլ նոր օրենսդրությամբ աշխատելու փորձի պակասի հետ:

«Օրինակ՝ խնդիր է առաջացել Մոսկվայում ապրանքների դեկլարացիաների հետ կապված. այնտեղ էլ դեռ տեղեկություններ չունեն նոր ընթացակարգերից»,- հայտնել է Արման Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում