Դիվերսանտներին հանձնելու ԱՄՆ կոչին հայկական կողմը պետք է պաշտոնապես պատասխանի. Լարիսա Ալավերդյան

Դիվերսանտներին հանձնելու ԱՄՆ կոչին հայկական կողմը պետք է պաշտոնապես պատասխանի. Լարիսա Ալավերդյան

Այսօր, երբ Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել են Ռուսաստանի հետ, միակ օղակը, որտեղ մնում է համագործակցությունը տիեզերքն է և Արցախը:

Լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» Հ/Կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի «հումանիտար ժեստի» կոչին՝ Ադրբեջանին հանձնել ԼՂ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ  Ասկերովին և  Շահբազ Գուլիևին:

Ըստ Ալավերդյանի՝ ԱՄՆ-ն չի հրաժարվում պարիտետային մոտեցումներից և իրեն պահում ճիշտ այն ձևաչափի մեջ, որն իրեն հուշում են Մադրիդյան սկզբունքները, ինչը, թերևս, բնական է: Այստեղ անելիք ունի  հայկական կողմը.

«Հանրությունը սպասում է պաշտոնական պատասխանի: Ի վերջո,  Ամերիկան առաջարկով է հանդես եկել, որին պետք է պատասխանել: Պետք է նախ պահանջել բացատրել՝ դիվերսանտներին արտահանձմա՞ն, թե՞ որպես պատանդ, գերի ազատման մասին է խոսքը և, թե ո՞ր միջազգային իրավունքով կամ օրենքով է այդ պահանջը դրվում: Երկրորդ՝ հասկացնել, որ այս հարցով պետք է դիմել ԼՂՀ-ին: Մինչ հիմա հայկական կողմից պաշտոնական արձագանք չկա ոչ հանրության համար, ոչ էլ՝ ԱՄՆ-ի, ինչն  ընդունված  բան է  դիվանագիտության մեջ»:

Հավելենք, որ այսօր ԱՄՆ պետդեպի խոսնակ Փսակին պարզաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ը հետաքրքրված Գուլիևի և Ասկերովի ազատ արձակմամբ:

«Մենք նախկինում էլ դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով պաշտպանել ենք այս երկու բանտարկյալների հանձնումը Ադրբեջանի կառավարությանը: Անցյալում կողմերն, ընդհանուր առմամբ, ճանապարհ էին գտելˋ որպես հումանիստական քայլ բանտարկյալներին վերադարձնելը: Եվ նման մարդասիրական ակտերը, ցույց են տվել, որ նվազեցնում են լարվածությունը և փոխվստահություն ստեղծում կողմերի միջև»,-ասել է նա:

Հավելենք, որ ՀՀ-ում և ԼՂՀ-ում ԱՄՆ պետքարտուղարության այս առաջարկին ի պատասխան պահանջում են  հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին վերադարձնել  Հունգարիա կամ հանձնել ՀՀ-ին՝  որպես հումանիտար ժեստ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում