Նոր գործիչների ժամանակը

Նոր գործիչների ժամանակը

Յուրաքանչյուր թագավորության, պետության ժողովուրդների պատմության ընթացքում շրջադարձային իրադարձություններ են եղել կամ լինում, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին, քաղաքականության ուղեծրում զգալի կամ նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում՝ տվյալ միավորման, կյանքի հետագա զարգացման տեսանկյունից:

Հիմնականում քաղաքական այդ ասպարեզում հանդես եկող և իշխանություններին գրեթե միշտ քննադատող ընդդիմադիր քաղաքական գործիչների կամ ուժերի գործունեության արդյունքում է եղել, որ հասարակության շահերի իրացման համատեքստում հաճախ արձանագրվել են դրական տեղաշարժեր:

Ընդդիմություն-իշխանություն հարատև պայքարի ավանդույթները, ծիլերը գալիս են դարերի խորքից, և, իհարկե, իրենց դրական և բացասական հետևանքներով պարբերաբար անմիջական կամ ուղղակի ազդեցությունն են թողնում հասարակության գրեթե ողջ հատվածի ներկայի և ապագայի վրա:

Մերօրյա աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ ցանկացած պետության ապահով ապագայի երաշխիք է հանդիսանում առաջին հերթին տնտեսական զարգացման և կայունության դինամիկայի պահպանումը, դրան զուգահեռ՝ արտաքին քաղաքականության իրականացման շրջանակներում դիվանագիտական մոտեցումների առավել ճշգրիտ դրսևորումը:

Ի՞նչը պետք է խթան հանդիսանա մեր իշխանավորների և ընդդիմիրների համար՝ սեփական հայացքների ու դիրքորոշումների վերանայման, սեփական կամ անձնական շահերի՝ ընդհանուրին գերադասելու կարծրատիպերից հեռանալու և հիրավի պետականամետ, ազգապահպան գաղափարական հենքի հիման վրա հայ ժողովրդին, Հայաստան և Արցախ պետությանն արժանի ապագայի կերտման և կայացման համար:

Խնդիրն իրականում շատ լուրջ է, կարևոր, գուցե ոմանց համար՝ դժվար ընկալելի, բայց, նույն ժամանակ, գերանհրաժեշտ՝ հասկանալու տեսանկյունից: Պատկերացնենք մի անտառ, որտեղ անուշադրության կամ գուցե դիտավորության ինչ-որ հանգամանքներում ծառերից մեկն այրվում է, և թեև հիմնական «զոհից» զատ առաջին հարվածի տակ են ընկնում վերջինին առավել մոտ գնտնվող բույսերը, այդուհանդերձ անիրատեսական չէ, որ, տվյալ իրավիճակում, միջամտության բացակայության պարագայում, սկսված այրման պրոցեսի շարունակական ընթացքի արդյունքում զոհ դառնա ողջ անտառը՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների:

Մեր երկրում ընթացող ներքաղաքական զարգացումներով պայմանավորված որոշակի իրադարձություններ կարող են բերել հենց վերոնշյալ օրինակի արտապատկերման՝ իրական կյանքում, իսկ, թե ովքեր են պատասխանատու տվյալ իրադարձություններին կյանք տալու գործում, պարզ և ակնհայտ է: Որքան իշխանությունները մեղքի իրենց բաժինն ունեն երկրի զարգացման և առաջընթացի ապահովման ուղղությամբ անարդյունք քաղաքականություն վարելու գործում, նույնքան էլ մեծ է ընդդիմության մասնաբաժինն այդ հարցում:

Ավելի առարկայական հասկանալու համար մերօրյա ներքաղաքական, շատերի կողմից հանդարտ կամ պոռթկումներից զերծ գնահատված իրավիճակը, անհրաժեշտ է նախ և առաջ իրերն իրենց անունով կոչել: Իսկ իրականությունն այն է, որ մեր հասարակությունը գտնվում է ցավալի և մտահոգիչ, ավելին՝ ճգնաժամային դրություն մեջ:

Մխիթարվել միայն նրանով, որ նախագահի, ապա և դրան հաջորդած ընդդիմադիր առաջնորդներ՝ Գ.Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությունից հետո վերջապես շատերի մոտ փարատվեցին կասկածները՝ վերջիններիս՝ ժողովրդի հետ անկեղծ լինել կամ չլինելու հետ կապված, չի կարելի: Առավել կարևոր է սթափ գնահատել իրավիճակը և առաջ շարժվել այն արժեքներով և սկզբունքներով, որոնց առաջնորդությամբ հնարավոր կլինի հասնել համընդհանուր շահի հաստատմանը:

Իսկ ո՞վ է ունակ ցանկալին իրականություն դարձնելու, կամ ո՞վ ունի, առաջին հայացքից անհավատալի թվացող, բաղձանքին հասնելու ռեալ հնարավորություն: Դա նորից ու նորից մեր հասարակությունն է և հատկապես՝ մեր երիտասարդությունը, այն հատվածը, որը պարտավոր է, և, անխոս, պատրաստ է նաև որոշակի զրկանքների գնով, հող նախապատրաստել՝ իրենց և գալիք սերունդների կյանքը զգալիորեն բարեկեցիկ ու անվտանգ դարձնելու համար:

Մեր պետությունը շարժվում է սահմանադրական բարեփոխումների իրականացման, դրանք կյանքի կոչելու և նոր համակարգ կառուցելու ճանապարհով: Շատ կարևոր է ճիշտ որոշում կայացնել, ստեղծել օրակարգ առկա իրավիճակից դուրս գալու և խնդիրները հաղթահարելու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Անհրաժեշտ է դեն նետել վերջին զարգացումների արդյունքում ընդդիմադիր հատվածի նկատմամբ՝ հասարակության մոտ առաջացած հիասթափության և հակակրանքի դրսևորումները: Ապա հռչակել գերնպատակ, որը իրականացնողներն են լինելու զարգացած, կիրթ, ինտելեկտուալ, նպատակասլաց, կազմակերպված, հայրենասեր, կամային բարձր հատկանիշներով օժտված, ապագայի նկատմամբ հավատով լցված նոր դեմքեր, առավելապես՝ երիտասարդ գործիչներ, ովքեր կգան ասպարեզ, կզբաղեցնեն իրենց ուրույն դերը քաղաքական հարթության համընդհանուր նպատակին ծառայող, միայն բարձր արժեքներով հագեցած սահմանափակ գաղափարական տիրույթում:

Այս առումով մեծ հնարավորություն է ստեղծվում հատկապես խորհրդարանական համակարգի ներդրման պայմաններում ունենալ մեր ազգին և պետությանը հարիր լուրջ կադրերից կազմված Օրենսդիր մարմին: Եվ պայմանը պետք է տարածվի թե՛ ընդդիմությունը, և թե՛ իշխանությունը ներկայացուցնող գործիչների դեպքում: Նման պարագայում Խորհրդարանը ունակ կլինի կյանք տալու միայն պետության զարգացման ու ազգի բարգավաճման նպատակին ծառայող օրենսդրական նախաձեռնություններին, ապա նաև հետևողական կլինի իր իսկ կողմից ձևավորված կառավարության գործունեության պատշաճորեն վերահսկելու հարցում: Հակառակ դեպքում մեր պետությունը շարունակելու է մոտենալ անդունդի եզրին՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով մեր թշնամիների ցանկությունների իրականացման համար:

Հայկ Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում