«Ռազմավարական դաշնակցի մտավախություններն էլ պետք է հաշվի առնվեն». Ս.Օհանյանը ՌԴ-ին պարտավորությունների մասին է հիշեցրել

«Ռազմավարական դաշնակցի մտավախություններն էլ  պետք է հաշվի առնվեն». Ս.Օհանյանը ՌԴ-ին պարտավորությունների մասին է հիշեցրել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ռեգնում» գործակալությանը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի  դաշնակից ՌԴ-ի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության մատակարարմանը, և  թե ինչ է  արվում  հայկական կողմից՝ խոչընդոտելու  դրան: Սեյրան Օհանյանը նկատել է, որ  դա շատ դելիկատ հարց է. «Մի կողմից մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր սուվերեն պետություն զենքի վաճառքի անխախտելի իրավունք ունի, բայցև կարծում ենք, որ ռազմավարական  դաշնակցի հետաքրքրություններն ու մտավախություններն  էլ  պետք է հաշվի առնվեն»:

Նախարարն այս համատեքստում ռուս գործընկերներին ակնարկել է Ադրբեջանի սպառազինական  մոլուցքի զսպման, չափավորման  անհրաժեշտության  մասին:

Ինչ վերաբերում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման  դեպքում Ռուսաստանի  միջամտությանը կամ մասնակցությանը՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի կողմից, Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը հանդիսանում է  Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և,  բնակաբանաբար, դե յուրե համապատասխան պարտավորություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության հարցում: Բացի այս՝ ՌԴ-ն և ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ են, ինչը նշանակում է, որ գոյություն ունեն փոխադարձ պարտավորություններ հավաքական   անվտանգության և  բազմակողմանի հարաբերությունների  շրջանակում: Ըստ այդմ՝ երկու երկրների  ԶՈՒ Գլխավոր շտաբերը մեկ անգամ չէ, որ համատեղ գործողությունների  օպերատիվ պլանավորում են իրականացրել՝ հաշվի առնելով  Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հնարավորությունը:

«Այսինքն՝ Հայաստանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կհետևի իր պարտավորություններին` 1997թ. օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին, 1995 թվականի մարտի 16-ի ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ և 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրերով»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը՝ միաժամանակ հավելելով, որ առաջին հերթին ապավինում ենք ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի մարտական պատրաստակամությանը և պատրաստվածությանը՝ որպես պատերազմի վերսկսումը զսպող արդյունավետ գործոն, ինչպես նաև զսպման մեխանիզմների անբավարար, անհամաչափ լինելու դեպքում՝ հակառակորդին պարտության  տանելու:

Հարցին՝ հաշվի առնելով 2014-ին և 2015-ին հակառակորդի աննախադեպ  ակտիվությունը  սահմանին, որքանո՞վ եք հավանական համարում մեծածավալ ռազմական գործողությունների վերսկսումը, Սեյրան Օհանյանը նշել է, որ քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը  չի հասել իր խաղաղ վերջնագծին, պատերազմի սկսման հավանականությունը չի կարելի օրակարգից կամ հաշվից հանել:

Դիտարկմանը՝ հայկական ուղղաթիռի խոցման ողբերգական դեպքից հետո, հայկական օդուժը կշարունակի՞ այսպես ասած՝ սահմանային  թռիչքները, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ռազմաօդային թռիչքները հայկական կողմի դեպքում ցուցադրական բնույթ չեն կրում, դրանք բաղադրիչ մասն են անվտանգային և սահմանային  վերահսկման համալիր միջոցառումների, ուստի հայկական ուղղաթիռի հետ կատարվածը  որևէ կերպ չի ազդի պաշտպանական խնդիրների կատարման վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում