Lուսացույցերի ազդանշաններում լույսերի հաջորդականության փոփոխությունը կնպաստի վթարների քանակի նվազմանը

Lուսացույցերի ազդանշաններում լույսերի հաջորդականության փոփոխությունը կնպաստի վթարների քանակի նվազմանը

Մեծ խաչմերուկերներում լուսացույցերի ազդանշաններում լույսերի հաջորդականության փոփոխությունը «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խրախուսում է: Նրա գնահատմամբ, այդ կերպ վթարների թիվը կնվազի, փողոցներում բեռնաթափումը` նույնպես:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը պատմեց, որ դեռ 5 տարի առաջ է առաջարկել Ճանապարհային ոստիկանությանը Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառել «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը:

«Լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդում էր «կանաչ» ազդանշանը: Յոթ ամիս այդ փողոցում ազդանշաններն այդ սկզբունքով են աշխատել, եւ արդյունքը եղել է դրական, վթարներ չեն գրանցվել: Վթարները հիմնականում հենց այդ ժամանակ են լինում՝ այդ երեք-չորս վայրկյանի ընթացքում, երբ լույսը դեղին է: Հայերը սիրում են դեղին լույսի ժամանակ շարժվել տեղից: Դա հիմնականում ավելի մեծ խաչմերուկներում է արտահայտվում»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ ճիշտ որոշում է Երեւանի Գայի պողոտայի խաչմերուկում այդ տարբերակի կիրառումը: Առավոտյան Հովհաննիսյանը եղել է Գայի պողոտայում եւ արձանագրել, որ լուսացույցերում դեղին լույսի հանումը լուրջ փոփոխություններ է մտցրել: Նա հավաստիացնում է, որ այդ տարբերակը կտրուկ կնվազեցնի վթարների քանակը:

Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվում է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն` լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը: Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում