Վահրամ Բաղդասարյանը ընդհանրական է համարում շրջանառության հարկի փոփոխությունների մասին օրինագիծը

Վահրամ Բաղդասարյանը ընդհանրական է համարում շրջանառության հարկի փոփոխությունների մասին օրինագիծը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դրական է գնահատում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր նախագիծը և կարծում է, որ այն ընդհանրական է, որում ընդգրկված են բոլոր քաղաքական ուժերի մոտեցումները: Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում Վահրամ Բաղդասարյանը զարմանք արտահայտեց, որ դեռևս կան քաղաքական ուժեր, որոնք քննադատում են ներկայացված նախագիծը: «Ես հիշում եմ, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր Ազգային ժողով էին բերում դրսում հնչող կարծիքները, ասում էին, որ տնտեսավարողները պատրաստ են անգամ աշխատել շրջանառության հարկի 7 կամ 10 տոկոս դրույքաչափով, սակայն առանց փաստաթղթավորման: Ես պետք է կրկին անգամ պնդեմ, որ ՀՀԿ-ն շարունակում է կողմ լինել պարտադիր փաստաթղթավորման տարբերակին, սակայն առաջարկվող նախագծով կառավարությունը իրավիճակային լուծում է ներկայացնում: Մենք իրավիճակը կարգավորելու համար արեցինք այս քայլը: Եվ ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել Կառավարությանը, Էկոնոմիկայի նախարարությանը, որ հնարավոր եղավ այսքան արագ կատարել ճիշտ հաշվարկներ և ներկայացնել նման նախագիծ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն քննարկումների արդյունքում եկավ այն եզրակացության, որ հարկավոր է բարձրացնել շրջանառության հարկի շեմը՝ դարձնելով այն 113.4 միլիոն դրամ: «Եվ սա պատահական թիվ չէ, որ մենք վերցրել ենք: Ես կխնդրեմ, որպեսզի Էկոնոմիկայի նախարարն իր եզրափակիչ ելույթում անդրադառնա այդ հաշվարկներին: Այդ հաշվարկները տնտեսավարող սուբյեկտներին թույլ կտան ապահովել իրենց շահույթը»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանն այն կարծիքին է, որ շրջանառության հարկը ապագային միտված հարկատեսակ է՝ մանավանդ փոքր երկրների համար: Նա հիշեցրեց, որ 1995թ., երբ ինքն անկախ պատգամավոր էր, բազմաթիվ անգամ բարձրացրել է շրջանառության հարկի գաղափարը, սակայն այն ժամանակվա կառավարությունը որևէ կերպ չի ընդառաջել այդ գաղափարին: «Մենք պնդում ենք, որ շրջանառության հարկն ապագա ունեցող հարկատեսակ է, մանավանդ փոքր երկրների համար: Մենք ունենք խնդիր՝ կապված շրջանառությունը վերահսկելու հետ: Մենք չենք թաքցնում, որ ունենք խնդիր նաև մաքսային վերահսկողության հետ և անում ենք, որ շատ կարևոր է մաքսային պատշաճ վերահսկողության ապահովումը, ինչն ամենակարևոր նախապայմանն է՝ շրջանառությունը վերահսկելու համար»,- ընդգծեց պատգամավորը:

Նա շրջանառությունը վերահսկելու կարևոր նախապայման է համարում նաև նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծումը: «Քանի դեռ մենք չենք լուծել այս խնդիրները, ես ճիշտ եմ համարում այլընտրանքային այս օրենքի նախագիծը, մինչև կկարողանանք դաշտը կարգավորել: Երբ մենք կգանք այն վիճակին, որ մեր երկրում շրջանառությունը լիովին վերահսկելի կլինի, կկարողանանք ավելի արդյունավետ քայլերի գնալ այս հարկատեսակն առավել պարզեցնելու առումով»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով պատգամավորի մտահոգություններին՝ կապված ընդունված օրենքներում հաճախակի կատարվող փոփոխությունների հետ՝ Բաղդասարյանը նշեց, որ օրենքներում հաճախակի կատարվող փոփոխություններն իսկապես ընդունելի չեն: «Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հասնել մի վիճակի, երբ որևէ օրենք ընդունելուց հետո պետք է ընդունենք ևս մեկ դրույթ, որ ընդունված օրենքին գոնե երեք տարի ձեռք տալ պետք չէ: Որովհետև մեր տնտեսավարողները շատ դժվար են ադապտացվում մի օրենքին, և հանկարծ կրկին փոփոխություններ են լինում: Շատ են եղել դեպքեր, երբ մենք ընդունված օրենքներում կատարում ենք տասնյակ փոփոխություններ, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում տնտեսավարողների համար»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, թե հանրապետությունում տարեցտարի ավելանում է փակվող ձեռնարկությունների թիվը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ բոլորը խոսում են միայն փակվող ձեռնարկությունների մասին, սակայն որևէ մեկը չի ցանկանում խոսել նոր բացվողների մասին: Նա ընդգծեց. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ փակվող ձեռնարկությունների 70 տոկոսը անվանափոխվել և կրկին վերաբացվել են:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է բարձրացնել շրջանառության հարկի շեմը՝ 58.8 միլիոն դրամից դարձնելով 113.4 միլիոն դրամ: Միևնույն ժամանակ կառավարությունը հանել է պարտադիր փաստաթղթավորման պահանջը: Բոլոր այն տնտեսավարողները, որոնք կցանկանան աշխատել փաստաթղթավորմամբ, կվճարեն 1 տոկոս շրջանառության հարկ, իսկ նրանք, ովքեր կաշխատեն առանց փաստաթղթավորման՝ 5 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում