Այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1959թ.-ին՝ ԼՂՀ Ասկերան քաղաքում:

1988թ.-ին Բալասանյանին իր համակիրների հետ հաջողվել է հետ մղել դեպի Ստեփանակերտ շարժվող ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխն ու կանխել արյունահեղությունը:

Վիտալի Բալասանյանը մասնակցել է Ասկերանի (Խրամորթ, Փրջամալ, Դահրավ), Աղդամի (Ջինլի, Աղդամ, Գալայչիլաք, Գյուլուջա), Մարտակերտի շրջանների բնակավայրերի, Ամարասի հովտի, Լաչինի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1990-ին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։

1992 օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2000թ. մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին և ՀՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի
շքանշաններով: Արցախի հերոս է (2.09.2002թ.) և ԼՂՀ բարձրագույն «ՈՍԿԵ ԱՐԾԻՎ» շքանշանակիր:

Հավելենք, որ   2000-2005-ը եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։

2005-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։

2007-2010-ը եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2010 մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ Դարձել Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Դաշնակցություն» խմբակցության անդամ։

2012թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։

2011 թվականից «Հավատք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Տեսանյութում  Վ. Բալասանյանը պատմում է ամբողջ ճշմարտությունը Խոջալուի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում