ՀՅԴ-ն ձեռնպահ կմնա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ առաջադրելուց

ՀՅԴ-ն ձեռնպահ կմնա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ առաջադրելուց

ՀՅԴ-ն ձեռնպահ է մնում կառավարության կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում  անդամ առաջադրելուց: Այս մասին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկման ընթացքում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Մենք ձեռնպահ ենք մնում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ առաջադրելուց, քանի որ երկար տարիներ է` մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր առաջարկները, այդ թվում` ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու ծրագիր, որը ոչ մի պատճառով չի մերժվում և ոչ էլ կյանքի է կոչվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց Մինասյանը:

Նա հայտնեց, որ ՀՅԴ-ն կառավարությանն արդեն տեղյակ է պահել, որ պատրաստ է ներկայացնել իր առաջարկները խորհրդի աշխատանքների վերաբերյալ, պարբերաբար կառավարությանը տեղեկացնել կոռուպցիոն դեպքերի և ահազանգերի մասին: «Այդքանով մենք մեր մասնակցությունը կբերենք կոռուպցիայի դեմ պայքարին»,- ընդգծեց Մինասյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  գլխավորությամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի նպատակը կոռուպցիոն ռազմավարության, դրա հիման վրա մշակված տարբեր ծրագրերի, միջոցառումների քննարկումն ու անցկացումն է: Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, ինչի համար Կառավարությունը նամակով դիմել է  ԱԺ նախագահին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում