Բերքաբերում զինված անձինք չկան. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իրավիճակը հսկում են օդում ու ցամաքում

Բերքաբերում զինված անձինք չկան. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն  իրավիճակը հսկում են  օդում ու ցամաքում

Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ողջ սահմանի երկայնքով ու խորությամբ, օդում ու ցամաքում: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ  ասում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հերքելով շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում զինված անձինք են շրջում:

«Բավական է մի ապատեղեկատվություն, տեղեկատվահոգեբանական մի «փնթի» գրոհ Ադրբեջանի կողմից, և մեր որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ նորից զոհ են դառնում: Կրկին ինչ-որ դիվերսանտներ մեր մեջ, ադրբեջանական դիրքերի ինչ-որ շարժեր, զենքով ուրվականներ և այլն:

Հարգելիներս, կրկին խնդրում եմ և հորդորում զերծ մնալ նման լուրերի տեղադրումից: Էժան սենսացիաները վնասում են ձեզ և ձեր հարազատներին:

Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ողջ սահմանի երկայնքով ու խորությամբ, օդում ու ցամաքում»:

Ի դեպ, «Արմենպրես»-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասել է, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Մադաթյանը նաեւ հավելել էլ,  որ չի հավատում իր համագյուղացու խոսքերին առ այն, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ տեսել է զինված անծանոթ մարդու, ով գիշերը ժամը 2-ին թակել է իր տան դուռն ու ծխախոտ ուզել.«Ես չգիտեմ, թե այդ ամենը նա որտեղից է վերցրել: Նրա աչքին է երեւացել, կամ երեւի մի բան այն չէ: Այդ մարդը ընդամենը 20 օր է, որ մեր գյուղում է: Նա եկել է այստեղ կնոջ հետ, որպեսզի ապրի պապական տանը: Գյուղում լարվածություն կա: Նրա հետ խոսել է գնդապետը, ոստիկանները: Ես չգիտեմ, թե նա ինչ է տեսել, սակայն ես չեմ հավատում նրա խոսքերին, քանի որ անհնար է, որ նման բան տեղի ունենար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում