Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարության ցնցող հետևանքները

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարության ցնցող հետևանքները

Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում ապրիլի 12-ին կայացած Պատարագն ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը միջազգային մակարդակում 20-րդ դարի մարդկության դեմ իրականացված առաջին հանցագործության ճանաչման և դատապարտման գործընթացին նոր տեմպ հաղորդեցին։

Համաշխարհային մամուլը դեռ չէր հասցրել լիովին լուսաբանել պոնտիֆիկոսի հայտարարությանն առնչվող մանրամասները, ինչ երկրագնդի տարբեր անկյուններից Ցեղասպանության ճանաչման մասին նոր լուրեր սկսեցին գալիս։ Այսպես, շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Չիլիի պատգամավորների պալատը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` ամբողջացնելով երկրի օրենսդիր մարմնի կողմից դեռևս 2007 թվականին ընդունված ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև։

Հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքի ճանաչման ու դատապարտման գործում պոնտիֆիկոսի փաստացի ներդրումը սրանով սակայն չի սահմանափակվել։ Հռոմի Ֆրանցիսկսոս Պապի հայտարարությունից հետո աշխարհի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այդ առնչությամբ տարբեր երկրների քաղաքականա գործիչներից մեկնաբանություններ ստանալու առիթը բաց չեն թողնում։ Այսպես, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, արձագանքելով լրագրողների խնդրանքին մեկնաբանել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հայտարարությունը, ասել է, որ. «ԱՄՆ-ի նախագահը եւ վարչակազմի մյուս բարձրաստիճան ներկայացուցիչները քանիցս պատմական փաստ են ճանաչել 1,5 մլն հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրության վերջին օրերին եւ ընդգծել, որ դրա լիարժեք հաստատումը համապատասխանում է բոլորի շահերին, ներառյալ Թուրքիան, Հայաստանը եւ ԱՄՆ-ը»։

Պետք է նշել, որ միջազգային հանրությունը չի բավարարվում միայն Ցեղասպնության մասին տեղեկություններ որոնելով կամ տարածելով: Մարդկության առաջատար հատվածը պահանջում է տարբեր պետությունների իշխանություններից ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության գործողությունները հայության դեմ: Ընդ որում, այդ պահանջը հաճախ վերածվում է զգայուն ճնշման: Այսպես, հեղինակավոր The Jerusalem Post պարբերականի հոդվածագիր Շմուլի Բոտեախը հիշեցնում է, որ անցած կիրակի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բարոյական խիզախություն ցուցաբերեց` բացահայտ կոչ անելով ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչին ի պատասխան Թուրքիան` բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, անմիջապես հետ կանչեց իր դեսպանին: «Ինչու՞ Բարաք Օբաման չի ճանաչել Ցեղասպանությունը, հատկապես եթե որպես նախագահի թեկնածու խոստացել էր դա անել: ԱՄՆ նախագահը չի ճանաչի հայ ժողովրդի Ցեղասպանությունը` վախենալով սադրել թուրք բռնապետին,-գրում է Բոտեախը` նշելով, որ 6 տարի է անցել այդ խոստումից:

«Այդ փաստերը ճանաչելու միակ ձևը Ցեղասպանություն բառն օգտագործելն է: Ընդամենը մեկ նախագահական ելույթ կարող է դա անել, սակայն Օբաման հաստատակամորեն հրաժարվում է», – նկատել է ռաբբին՝ պահանջելով ԱՄՆ նախագահից ճանաչել ցեղասպանությունը:

Մեկ այլ հոդվածում նույն «The Jerusalim Post»-ը պահանջում է նաև Իսրայելի իշխանություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ճանաչեց, հիմա արդեն Իսրայելի հերթն է»:

Նմանատիպ հոդվածներով են հանդես եկել նաև աշխարհում մեծ ճանաչում ունեցող «The Boston Globe», «Washington Post»-ը, «The Guardian»-ը և այլ պարբերականներ: «Պարոն նախագահ, Հռոմի պապի պես խիզախ եղեք, Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն կոչեք», – գրում է «Washington Post»-ը և հույս հայտնում, որ ԱՄՆ նախագահը իր ժառանգությունը կամրապնդի որպես հստակ բարոյական կողմնորոշում ունեցող պետական գործիչ, կասի այն, ինչ նախկինում անասելի էր, կցուցադրի նույն քաջությունը, ինչ Հռոմի պապը, եւ այս ողբերգությունը կկոչի իր անունով՝ ցեղասպանություն:

Այս ամենը կայում են այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը իսկապես նոր զարկ է տվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաճման գործընթացին: Իր կողմից մատուցված պատարագով և հայտարարություններով կաթոլիկ աշխարհի հեղինակավոր առաջնորդը, կարծես, համաշխարհային կոալիցիա է ձևավորել թուրքական ժխտողական քաղաքականության ու նրանց աջակիցների դեմ և, հետզհետե սեղմելով օղակը, վերջին հաշվով ստիպում, որպեսզի վերջիններս հրաժարվեն հանցանքը կոծկելու իրենց դիրքերից և նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում