Եղավ այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր, բայց որևէ պետության հետ ռազմական հարաբերություններ չի խզվի. Կիրո Մանոյան

Եղավ այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր, բայց  որևէ պետության հետ ռազմական հարաբերություններ չի խզվի.  Կիրո Մանոյան

«Արդեն եղավ այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր՝ որպես արդյունք և հետևանք»,-լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց  ՀՅԴ Բյուրոյի  Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ պարզաբանելով, որ դա մասնավորապես վերաբերում է Վատիկանում Հռոմի պապի մատուցած Սուրբ պատարագին և  դրա  շրջանակում արված  հայտարարությանը, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը  հայերինն է  և, որ այդ չարիքը  թաքցնելը  կամ ժխտելը նշանակում է արնաքամ անել վերքն առանց վիրակապելու: 

Կիրո Մանոյանը վստահ է՝ առաջիկա օրերին սկսված ցունամին շարունակվելու է՝ հաշվի առնելով ապրիլի 22-ից 24-ը Ցեղասպանության100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տարբեր երկրներից սպասվող բարձրաստիճան հյուրերի ներկայությունը: Ավելին՝ ՀՅԴ  Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը չի բացառում, որ մինչև ապրիլի 24-ն անսպասելի կամ այսպես ասած՝ չծրագրված ճանաչումներ լինեն: 

Այս համատեքստում Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Թուրքիայի գալիպոլիական նախաձեռնությունն աշխատեց իր իսկ դեմ, որը պետք է իբրև թե ստվեր գցեր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա.«Հակառակը ՊապԹուրքիան իր այդ նախաձեռնությամբ ստեղծեց հավելյալ հետաքրքրություն մեր միջոցառումների ուղղությամբ»:

Ի դեպ, Մանոյանը նկատեց, որ հայամետ  հայտարարությունների  պատճառով Թուրքիան  չի  խզի տնտեսական և  ռազմական հարաբերությունները որևէ  պետության հետ, քանի որ գործում է իր շահերից ելնելով, իսկ սա շահավետ չէ. «Կարծում եմ՝ երկու-երեք ամիս հետո ամեն ինչ կընկնի իր տեղը։ Մենք բազմաթիվ անգամ ենք սրա ականատեսը եղել։ Չմոռանանք,  որ 2001թ.-ից առաջ Թուրքիան ասում էր, թե այս կանենք, այն կանենք, որ Ֆրանսիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, բայց ընդունումից մի քանի ամիս հետո այս  երկու երկրների հարաբերությունները խորացան»: 

Այս ֆոնին չանտեսելով  Եվրոպայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևը,   բանախոսը նկատեց, որ1987-ի հունիսի 18-ին ընդունվածի համեմատ քայլ առաջ է, որտեղ  ասվում էր, որ  ժամանակակից Թուրքիան 1915-1917-ին Օսմանյան Թուրքիայի կողմից կատարվածի համար պատասխանատու չէ: Բայց սա չի նշանակում, թե վերջին բանաձևում չկան անընդունելի ձևակերպումներ՝ Թուրքիայի ղեկավարության անցածտարի մեկնարկած «ընդհանուր ցավի» քաղաքականության կարևորումը, վեց տարի հետո  հայ-թուրքական արձանագրությունների մասին ակնարկը: 

Հարցին, թե Ցեղասպանության հարցում միջազգային անդրադարձը բարոյական հաղթանակից բացի ի՞նչ տվեց իրավական հարթությունում, Կիրո Մանոյանը նշեց, որ  այստեղ միայն իրավական խնդիր չէ. «Չեմ կարծում,որ Պապը ելույթ ունենալով իրավական հիմք պետք է ստեղծեր: Բայց որ քաղաքական կարգավորում կարող է լինել, դա փաստ է: Այսինքն՝ սրա արդյունքն իրավական ձեռքբերումը չի, հարցը քաղաքական ճնշումն էր. միջազգային առաջատար այնպիսի լրատվամիջոցներ են խոսում Ցեղասպանությանմասին, որոնք անցյալում չէին խոսում, արդեն ասում են ժխտողականությունը սխալ է: Իհարկե, իրավական կողմը համեմատաբար քաղաքականից հետ է մնացել, որը պետք է հասնի քաղաքականին և  դառնա ճնշում»: 

Մանոյանը վստահ է՝ ապրիլի 25-ին hայկական կողմը շարունակելու է այն, ինչ անում էր մինչև ապրիլի 24-ը, բայց ոչ ամբողջությամբ այդ նույն բնույթի ու ձևի: Ըստ նրա՝ չհեռանալով ճանաչման գործընթացից, մեր ջանքերը պետք է  կենտրոնացնենք պահանջատիրության և  հետևանքների վերացման վրա՝ հիմք ընդունելով Համահայկական   հռչակագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում