Նախահարձակ հակառակորդին ճնշելու թիվ մեկ նախապայմանը ճիշտ հրամաններն են. Մովսես Հակոբյան

Նախահարձակ հակառակորդին ճնշելու  թիվ մեկ նախապայմանը  ճիշտ հրամաններն են. Մովսես Հակոբյան

ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված մարտական հերթապահության վիճակի և դրա կատարելագործման ուղիների քննարկմանը:

Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր ներածական խոսքում համառոտ ներկայացրել է առաջնային գծում տեղ գտնող վերջին շրջանի զարգացումները և, ըստ այդմ, կարևորել օրվա միջոցառման անցկացման անհրաժեշտությունը:

Միաժամանակ, մինչև աշխատակարգով նախատեսված զեկույցներին և ելույթներին անցնելը, բանակի հրամանատարն իր երախտագիտությունն է հայտնել գյուտարարական և նորարարական աշխատանքներ հեղինակած մի շարք զինվորականների և քաղաքացիական անձանց, և վերջիններիս հանձնել խրախուսական պարգևներ:

Այնուհետև մարտական հերթապահության պատրաստման և իրականացման շուրջ համապարփակ զեկույցով հանդես է եկել բանակի շտաբի պետը, ով մանրամասն վերլուծականով ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական վիճակը և դրանից բխող պաշտպանական ու կանխարգելիչ նշանակության խնդիրների իրականացման համալիրը:

Քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, հանդես են եկել նաև բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր և զորամասերի հրամանատարներ: Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով:

Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատկապես կարևորել է հրամանատարների դերակատարությունը մարտական հերթապահության կազմակերպման գործում` շեշտելով, որ նախահարձակ հակառակորդին ճնշելու և երկրի սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է:

Ելնելով այս իրողությունից` պաշտպանության նախարարը վերջում ներկաներին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում