Սպասվում է հիփոթեքային վարկի տոկոսների զեղչման գործընթացի պարզեցում

Սպասվում է հիփոթեքային վարկի տոկոսների զեղչման գործընթացի պարզեցում

Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում վարչապետն անդրադարձել է ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներն ըստ էության վճարում է պետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:

Հովիկ Աբրահամյանն այնուհետև հավելել է, որ ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ գործընթացը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողների համար: Հաշվի առնելով այս հանգամանքը և ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը, վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության արծարծած հարցադրումները՝ հաստատված մեխանիզմներն առավելագույնս պարզեցնելու համար և գործընթացի ավարտից հետո պատշաճ կարգով իրազեկել հանրությանը:

Այս գործընթացի պարզեցումը շատ կարևոր է, քանի որ նշված ծրագրին բացի բազմաբնակարան շենքերի գնորդներից (որոնք որպես կանոն ծրագրի գործընթացների մասին տեղեկացվում են հենց կառուցապատող կազմակերպությունից) մասնակցում են նաև սեփական տան շինարարության համար հիփոթեքային վարկ վերցրած ՀՀ բնակիչները, որոնք ոչ միշտ են Երևանի կամ հարակից համայնքների բնակիչներ և շատ հաճախ կարիք են ունենում հավելյալ պարզաբանումների:

Գործընթացի պարզեցումը կարևոր է նաև կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով, քանի որ բարդ մեխանիզմները ծրագրի պատասխանատուներին գրեթե միշտ հնարավորություն են տալիս իրենց ներգործությունը ունենալ ծրագրի շահառուների ընտրության հարցում, որը կարող է դառնալ կոռուպցիայի աղբյուր և դրանով իսկ հուսախափ անել և հուսահատեցնել բնակիչներին:

Ստեղծված իրավիճակի մասին վկայող ինդիկատորներից մեկը դա շինարարության աճի տեմպերն են, որոնք ընդհանրապես համահունչ չեն նախորդ տարվա վերջին հասարակության հատվածում տեղ գտած բուռն արձագանքներին: Հիշեցնենք, որ օրենքը վերաբերում 2014թ. նոյեմբերի 1-ից հետո կառուցված կամ ձեռք բերված բնակարաններին, սակայն 2015թ. առաջին 4 ամսվա արդյունքներով շինարարության ճյուղը ընդամենը աճել է 0.5%-ով` որը հիմնականում բարենպաստ կլիմայական պայմանների արդյունք է, իսկ բնակչության միջոցների հաշվին կատարած շինարարությունը նվազել է 10%-ով:

Այս տարի ներդրումների կրճատման ֆոնին կանխատեսվում է շինարարության ծավալների անկում, և այս օրենքի հաջող կիրառումը կարող է ֆինանսապես աջակցել շինարարության և նրա հարակից ոլորտների կազմակերպություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում