Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ-ների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ

Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ-ների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ

Կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ինչը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը:Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Մենք մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր պետք է անենք: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունները զբաղվածության մեծ տոկոս են ապահովում՝ մոտ 90 տոկոս, ինչպես նաև ՀՆԱ-ի 70 տոկոս: Եվ այն ջանքերը, որ գործադրում է կառավարությունը, ուղղված են նրան, որպեսզի ամեն քաղաքացի կարողանա իր վրա զգալ դրական  փոփոխությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խաչատրյանը:

Հարցին, թե քաղաքացին ե՞րբ է զգալու այդ դրական փոփոխությունները, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե տնտեսական ինչ զարգացումներ կլինեն:

«Հիմա դժվար է ասել, թե քանի տարվա ընթացքում դա տեղի կունենա: Կախված է տնտեսական զարգացումներից և կառավարության գործադրած ջանքերից՝ ուղղված երկրի տնտեսության զարգացմանը»,- նշեց Խաչատրյանը:

Հարցին, թե այս տարի որքա՞ն է լինելու տնտեսական աճը և ո՞րն է պատճառը, որ ամեն տարի տարբեր ցուցանիշներ են նշվում, Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ միշտ էլ այդպես է լինելու, որովհետև տնտեսական իրավիճակն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում:

«Այսօր դուք կարո՞ղ եք կանխագուշակել, թե վաղն ինչ տնտեսական իրողություն կունենանք: Չեք կարող, որովհետև ներկայումս տնտեսական իրավիճակն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, և շատ դժվար է հստակ կանխատեսումներ անել»,- ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում