Մեծամորի նորաբաց պոլիկլինիկան հագեցած է լաբորատոր եզակի սարքավորումներով

Մեծամորի նորաբաց պոլիկլինիկան հագեցած է լաբորատոր եզակի սարքավորումներով

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա է գտնվել Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջել է պոլիկլ ինիկայում, ծանոթացել կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցել է բուժանձնակազմի հետ:

Նախարարը հետաքրքրվել է բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների պատվաստումների ընթացքով: Հիմնանորոգված և վերազինված պոլիկլինիկայի 20 սենյակներում աշխատում են ԱԱՊ և նեղ մասնագետները, կանանց կոնսուլտացիան, լաբորատորիան և ուլտրաձայնային հետազոտության կաբինետը։

«ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կառավարության քաղաքականությունն է զարկ տալ առաջնային բուժօգնությանը։ Մեծամորի պոլիկլինիկայի բացումը համահունչ է իրականացվող այդ ծրագրերին»,-լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ նորաբաց պոլիկլինիկան հագեցած է գերձայնային, լաբորատոր եզակի, այլ պոլիկլինիկաներում քիչ հանդիպող ժամանակակից սարքավորումներով:

Նախարարի գնահատմամբ՝ արդիականացումը հնարավորություն կտա պատշաճ մակարդակով իրականացնել շուրջ 20 հազար բնակչության բժշկական սպասարկումը, ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերը` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար իրականացվող կանխարգելիչ բժշկական զննությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված սկրինինգային ծրագրերը: Բուժաշխատողների հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաև հանրային առողջապահական այլ ծրագրերի:

Արմեն Մուրադյանը խոսել է նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին միտված «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրին:

«Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարումը շատ դժվար է, ուստի անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցություն թե՛ առողջապահության ոլորտի պատասխանատուների, թե՛ բուժաշխատողների, թե՛ լրատվական միջոցների միջև»,-ընդգծել է նախարարը:

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն, «Մեծամորի հիվանդանոց» և «Մեծամորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրվել են Մեծամորի հիվանդանոցին, իրականացվել է ներքին օպտիմալացում։ Մեծամորի պոլիկլինիկայի չգործող մասնաշենքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը նման շենքային պայմաններում հնարավոր չէր իրականացնել: Որոշվել էր պոլիկլինիկական ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքի առաջին հարկի չօգտագործվող 460 քմ տարածքում` հնարավորություն ստեղծելով հիվանդներին մատուցել որակյալ և համալիր բժշկական ծառայություններ մեկ վայրում:

Ծրագիրն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում-II, լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ընթացքում 2013-2014թթ. առաջացած տնտեսված միջոցների հաշվին: Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014թ. հուլիսին և ավարտվել 2015թ. հունվարին: Այնուհետև ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից պոլիկլինիկան հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով: Ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 83,4 մլն ՀՀ դրամ։

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է նաև Ակնալճի ամբուլատորիա, որը սպասարկում է համայնքի 2933 ազգաբնակչությանը: Դեռ 2006թ. ամբուլատորիան հագեցվել էր առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ծրագրի շրջանակում ամբուլատորիայի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր: Ամբուլատորիան տեղակայված էր 1971թ. կառուցված մեկ հարկանի շենքում և զբաղեցնում էր մոտ 250 քմ տարածք (12 սենյակ): Նույն շենքում տեղակայված էր փոստը, իսկ շենքի մի հատվածը բնակեցված էր: Վերջին տարիների ընթացքում այն հիմնովին չէր վերանորոգվել: Ամբուլատորիայի ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգերը չէին գործում, հատակը և տանիքը վնասված էին:

Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք: Ծրագիրն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում-II, լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ընթացքում, 2013-2014թթ. առաջացած տնտեսված միջոցների հաշվին:

Նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականի ապրիլին և ավարտվել 2014 թվականի նոյեմբերին: Ընդհանուր ներդրումը՝ շուրջ 50,3 մլն ՀՀ դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում