ՀՀ-ում իրավիճակն ունի բացառապես տնտեսական պատճառներ, քաղաքական որևէ բան այստեղ չկա. «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար

ՀՀ-ում իրավիճակն ունի բացառապես տնտեսական պատճառներ, քաղաքական որևէ բան այստեղ չկա. «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար

Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը, որը հանգեցրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ունի բացառապես տնտեսական, այլ ոչ քաղաքական պատճառներ, և արդյունք է ոլորտի կանոնակարգման դաշտում համակարգային  խնդիրների:  Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը՝ հավելելով, որ ՀԷՑ-ը գտնվում է ֆինանսական ծանր իրավիճակում, ինչից  ելնելով ընկերությունը  Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի  սակագինը  40 տոկոսով բարձրացնելու պահանջ է ներկայացրել, մինչդեռ ՀԾԿՀ-ն մասամբ է բավարարել  այն՝  հոսանքը  թանկացնելով  17 տոկոսով:  

«Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարն այս համատեքստում շարունակել է, որ  ՀԷՑ-ի կորուստները  ՀՀ-ում  կանոնակարգման գործող համակարգի հետևանք են.

«ՀԷՑ-ի երկարամյա  վնասները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում սակագների կանոնակարգման գործող համակարգով և էլեկտրաէներգետիկայի  շուկայի գործունեությունը   կարգավորող  առկա կանոններով»,– ասել է Կովալչուկը:

Ըստ նրա՝ կանոնակարգման համակարգը ենթադրում է ՀԷՑ-ի հաշվին գեներացնող ընկերությունների ֆինանսավորում, ինչպես նաև  ստիպում է ընկերությանն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել, քան նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով՝ առանց սպառողների կողմից փոխհատուցումների:

Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, Հայաստանի հէկերում  արտադրության ծավալների  նվազումը բերել են  նրան, որ երկրի բաշխիչ- ցանցային համալիրը 37 միլիարդ դրամով  պակաս եկամուտ է ստացել:

«Հենց սա է  ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառը»,- շեշտել է Կովալչուկը՝ հավելելով, որ ժամանակին ընկերությունը կարողացել է փոխառություններ վերցնելով ֆինանսական այս խնդիրները լուծել, ինչն այսօր հնարավոր չէ:

Անդրադառնալով  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու  որոշմանը, Կովալչուկը նշել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է այս գաղափարը. «Վստահ եմ, որ աուդիտի արդյունքում կլինեն եզրակացություններ, որոնք  կհաստատեն  ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում