Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտները գրեթե կիսով չափ նվազել են

Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտները գրեթե կիսով չափ նվազել են

«Շահ Դենիզ» գազային կոնդենսատի հանքահորի մշակման նախագծի իրագործումից Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները 2015 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում գրեթե կիսով չափ կրճատվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ը հայտնում է, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ` «Շահ Դենիզ» նախագծի շրջանակում հիմնադրամի եկամուտը կազմել է 158,2 մլն դոլար (մայիսին` 41 մլն դոլար), այն դեպքում, երբ 2014 թվականի արդյունքներով այն կազմել էր 523 մլն դոլար, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի համար` 296 մլն դոլար:

«Շահ Դենիզ» նախագծի շրջանակում Ադրբեջանի եկամուտների նվազման վրա ազդել են միանգամից մի քանի գործոններ. առաջինը` նավթի գների կտրուկ անկման պատճառով կոնդենսատի գնի, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրեթե 45 տոկոսվ ընկնելն է, երկրորդը` գազի արտահանման գինը մոտ 7-9 տոկոսով նվազել է, երրորդը` «Փուլ-2» նախագծի շրջանակում ընկերությունների կապիտալ ծախսերի աճի պատճառով պետության եկամուտը նվազել է:

«Շահ Դենիզ» նախագծի մասնակիցներն են BP օպերատորը (28,8 տոկոս), թուրքական TPAO ընկերությունը (19 տոկոս), Petronas (15,5 տոկոս), Ադրբեջանի պետական նավթային SOCAR (10 տոկոս), LUKoil (10 տոկոս), NICO (10 տոկոս) եւ SGS Upstream (6,7 տոկոս) ընկերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում