Արդեն ունենք զինատեսակներ, որ մինչև Բաքու «կհասնեն» և չունենք սահմանափակող գործոն.Նախկին նախարարն Ադրբեջանի նկատմամբ մեր առավելություններից (տեսանյութ)

Արդեն ունենք զինատեսակներ, որ մինչև Բաքու «կհասնեն» և չունենք սահմանափակող գործոն.Նախկին նախարարն Ադրբեջանի նկատմամբ մեր առավելություններից (տեսանյութ)

Պատերազմ  սկսելու Ադրբեջանի սպառնալիքները  շանտաժ են՝ ուղղված  ՀՀ-ին, ԼՂՀ-ին և միջազգային հանրությանը: Հայկական կողմի դեպքում փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել և  մարդկանց ստիպել արտագաղթել, միջազգային հանրության դեպքում վախեցնում են նավթային կորուստներով: Ըստ այդմ՝ կարիք չկա, որ հայկական կողմն ադրբեջանական ամեն  մի սպեկուլյատիվ  հայտարարությանը պատասխանի. հայկական բանակը կարողանում է շատ ճիշտ և գրագետ գործել նման դեպքերում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց  պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական նավթի   գնորդ երկրները  չեն ցանկանում, որ պատերազմ սկսվի:

«Շփման գծում իրավիճակը սրելով, դիվերսիոն գործողություններ նախաձեռնելով, Ադրբեջանը մի քանի խնդիր է փորձում լուծել՝ նա փորձում է վերցնել դիրքեր, որն իրեն առավելություն կտա,  ինչը չի հաջողվում, երկրորդ՝ դիվերսիոն խմբերը, որոնք ուղարկում է, պատրաստվում են  Թուրքիայում, նրանք փորձ են ձեռք բերում քրդերի դեմ պայքարում և  հետո գալիս այստեղ՝ լուծելու հետախուզադիվերսիոն խնդիրներ, այսինքն՝ փորձում են շփման գծում վախի մթնոլորտ ստեղծել, երրորդ՝ ցույց են տալիս իրենց հասարակությանը, թե այն ահռելի գումարները, որ ծախսվում են, իզուր չէ: Պետք է հասկանալ, որ ամեն մի գործողություն իր հասցեատերն ունի՝ ՀՀ, ԼՂՀ, միջազգային հանրություն և սեփական հասարակություն»,-պարզաբանեց պաշտպանության նախկին նախարարը:

Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ կհաղթեր, ապա վաղուց սկսած կլիներ պատերազմը. «Իսկ ինչի նա չունի այդ համոզմունքը՝ այն ռազմական բյուջեն, որ նա ունի, պետք է բաժանի երեք մասի, այդ թվում՝ և Կասպից ծովի ավազանի երկրների նկատմամբ»: 

Այս համատեքստում  պաշտպանության նախկին նախարարը նկատեց, որ եթե Ադրբեջանը սպառնում է իր սպառազինությամբ,  մենք էլ ունենք զինատեսակներ, որոնք կարող են մինչև Բաքու «հասնել»: Ավելին, եթե Բաքուն ունի սահմանափակում, ապա հայկական կողմը դա չունի:

«ՀՀ-ն գտնվում է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի պաշտպանության տակ, եթե Ադրբեջանը փորձի հարվածել  Երևանին կամ Հայաստանի այլ տարածքի, ապա  նա սկսում է պատերազմ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դեմ: Հայաստանը պաշտպանված է, նրանք այստեղ պատերազմ չեն սկսի. վերջին փոփոխությունները բազայի պայմանագրում հստակ սահմանում են, որ ՌԴ-ն ապահովում է հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը նաև:  Իսկ  ՀՀ-ն և Ղարաբաղը նման սահմանափակում չունեն. Ղարաբաղն ունի հրթիռային համակարգ,  խոսում ենք «Իսկանդերի» մասին, բայց մենք ունենք արդեն նման համակարգ,  իհարկե, մի քիչ հին, բայց  որը «հասնում» է մինչև Բաքու»,-շարունակեց Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի տեսանկյունից Ադրբեջանը չի դիմել ագրեսիայի, այլապես կմիջամտեին:

Անդրադառնալով 200 մլն դոլարի ռուսական վարկի անհրաժեշտությանը,  ռազմական ոլորտի մասնագետը  նկատեց, որ ունենք զինատեսակներ, որոնք պիտի փոխարինվեն նորերով,  երկրորդ՝  կան նաև ժամանակակից զինատեսակներ, որոնցով զինանոցը պետք է համալրել, երրորդ՝ Ադրբեջանի սպառազինությանը պետք է հակակշիռ ունենալ:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանի զինմանը,  Վաղարշակ Հարությունյանը թեպետ որպես ՀՀ քաղաքացի ինչ-որ տեղ նեղվում է, բայց նաև հասկանում, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության շնորհիվ է, որ փոքր բյուջե ունեցող հայկական կողմին հաջողվում է Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռություն պահպանել, երկրորդ՝  այս դեպքում  Ադրբեջանը մնում է ՌԴ-ի վերահսկողության ներքո և ոչ թե Թուրքիայի կամ այլ երկրի՝  զենքերի մատակարարումը ենթադրում է նաև պահեստամասերի  վաճառք, ինչպես նաև զինծառայողների տեխնիկական  վերապատրաստում  հենց  ՌԴ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում