Կիպրահայ վաստակաշատ ուսուցիչ Վարդան Թաշճյանը պարգևատրվել է «Ոսկե մեդալ»- ով

Կիպրահայ վաստակաշատ ուսուցիչ Վարդան Թաշճյանը պարգևատրվել է «Ոսկե մեդալ»- ով

Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացել է  Կիպրոսի «Նարեկ» վարժարանների հոգաբարձության ատենապետ Վարդան Թաշճյանի պարգևատրման արարողությունը Սփյուռքի նախարարության բարձրագույն` «Ոսկե մեդալ» պարգևով` հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքում դեսպան Գագիկ Ղալաչյանը նշել է, որ ի դեմս Վարդան Թաշճյանի` Սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևը կգտնի իր արժանի և լիիրավ տիրոջը:

Իր հերթին, Վարդան Թաշճյանը երախտագիտություն է հայտնել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին, դեսպան Ղալաչյանին, իր գործընկերներին:

Վաստակաշատ ուսուցիչը նշել է, որ ինքնությունը պահպանելու և իբրև հայ ապրելու ու գործելու պատգամը ժառանգել է Մեծ եղեռնից մազապուրծ փրկված իր ծնողներից, և իր կրթական ողջ գործունեության ընթացքում փորձել է այն սերնդեսերունդ փոխանցել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության, «Նարեկ» վարժարանների և լիբանանյան դպրոցների կամարների ներքո: Իրեն բնորոշելով իբրև «կրթության և արվեստի խոնարհ մշակ»` Վարդան Թաշճյանը նշել է, որ պարգևատրումն իրեն խրախուսում է այսուհետ ևս բազմապատկված ջանքով ու հանձնառությամբ շարունակել ծառայել հայ ժողովրդին և Հայրենիքին:

Վարդան Թաշճյանը կիպրահայ անվանի գեղանկարիչ է և վաստակաշատ ուսուցիչ: Տասը տարի դասավանդել է Մելքոնյան կրթական հաստատությունում, շուրջ 27 տարի պաշտոնավարել որպես «Նարեկ» հայկակական վարժարանների տնօրեն: 2009-ից մինչ օրս Վարդան Թաշճյանը զբաղեցնում է «Նարեկ» վարժարանների հոգաբա րձության ատենապետության պաշտոնը: Մասնակցել է անհատական և խմբակային ավելի քանի 100 ցուցահանդեսների, Կիպրոսը ներկայացրել բազմաթիվ միջազգային համաժողովներում, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդում հանդես եկել որպես Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության պատվիրակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում