Տնտեսական համագործակցության հարցում Իրանը նախապատվությունը տալիս է իր հարևաններին. Ռոհանի

Տնտեսական համագործակցության հարցում Իրանը նախապատվությունը տալիս է իր հարևաններին. Ռոհանի

Իրանի հետ միջազգային «վեցնյակի»  կնքած միջուկային գործարքից հետո մի շարք երկրներ փորձում են ներդրումներ կատարել Իրանում: Սակայն, Թեհրանն ամենից առաջ նախապատվությունը տալիս է իր հարեւանների հետ համագործակցությանը:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ «ԻՌՆԱ»-ի` Ռոհանին Ադրբեջանն անվանել է «դեպի Կովկաս դարպաս»: Դրա հետ միասին Ռոհանին ասել է, որ Իրանը Բաքվի համար կարող է դառնալ «դեպի Պարսից ծոց ուղի»:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում համագործակցությանը՝ Ռուհանին նշել է, որ «Կասպից ծովում համատեղ ներդրումները կարող են նոր էջ բացել այդ ոլորտում»:

Իր հերթին, Շահին Մուստաֆաեւը համոզմունք է հայտնել, որ Իրանի միջուկային գործարքը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության եւ կայունության վրա:

«Բաքուն հաստատապես մտադիր է ամրապնդել համագործակցությունն Իրանի հետ էներգետիկ, առեւտրի, տրանսպորտի, նավթաքիմիական, բանկային եւ գյուղատնտեսության ոլորտներում», -ասել է Մուստաֆաեւը:

Այսօր Թեհրանում հանդիպում է տեղի ունեցել նաեւ Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ, որի ընթացքում Մուստաֆաեւը նշել է, որ Իրանը կարող է իր նավթն ու գազը Եվրոպա փոխադրելու համար օգտագործել Ադրբեջանի ենթակառուցվածքները, իսկ ապագայում կարող է միանալ նաեւ Անդրանատոլիական նախագծին (TANAP):

Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թալիբնիի հետ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ներդրունների եւ Ադրբեջանում իրանական ֆինանսական կառույցների գործունեությունը վերականգնելու գծով երկկողմանի հանձնաժողով ստեղծելու մասին:

Երկու երկրների միջեւ առեւտրի ներկայիս 500 մլն դոլար ծավալը կարող է մի քանի անգամ մեծանալ, ասել է իրանցի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում