Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ (ֆոտո)

Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ (ֆոտո)

Առանց տանիքի արդեն մեկ տարի գոյատեւող, Թբիլիսիի սրտում գտնվող Սուրբ Մինաս եկեղեցին կանգնած է խոնարհման վտանգի առաջ: Մտավախությունը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմինն է: Թեմից ասում են, որ առանց տանիքի գոյատեւող եկեղեցու պատերն արդեն թուլանում են, ինչի հետեւանքով չի բացառվում, որ եկեղեցին կարող է խոնարհվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի դիվանի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանն ասում է, որ եկեղեցին միշտ գտնվել է թեմի ուշադրության կենտրոնում, սակայն թեմը չի կարող հոգ տանել եկեղեցու մասին, քանի որ այն վրացական եկեղեցու կազմած 5 վիճահարույց եկեղեցիների ցանկում է:

«Երկար տարիներ չնորոգվելու, հիմքն ու տանիքը չամրացնելու արդյունքում նախորդ տարի եկեղեցու տանիքը փլվեց: Այդ ժամանակ Վրաստանի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչությունից եկան արձանագրեցին կատարվածն ու խոստացան, որ Վրաստանի կառավարությունը գումար կհատկացնի եկեղեցու վերանորոգման համար: Անցել է արդեն մեկ տարի, սակայն եկեղեցու նորոգման հարցով ոչ մի փոփոխություն չկա: Վիրահայոց թեմը բազմաթիվ նամակներ է հղել պատկան մարմիններին եւ ներկայացրել եկեղեցու վիճակը, սակայն ոչ մի փոփոխություն»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ փլուզված տանիքը վերանորոգելու փոխարեն քաղաքապետարանն ամբողջությամբ ազատեց եկեղեցին տանիքից, եւ այսօր արդեն առանց տանիք եկեղեցու պատերը թուլանում են: Անձրեւները, քամիներն ու ձյունն էլ ավելի են վատացնում իրավիճակը:

«Մեզ համար Սուրբ Մինաս եկեղեցին վիճահարույց չէ: Այն հայկական եկեղեցի է եւ պետք է վերադարձվի թեմին: Թե՛ Վիրահայոց թեմը, թե՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս դիմել են Վրաստանի Սուրբ ուղղափառ եկեղեցուն, որպեսզի Թեմին վերադարձվեն հայկական եկեղեցիներն ու թեմը հոգ տանի դրանց մասին»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ թեմի երիտասարդները հաճախ այցելում են հայկական խոնարհված եկեղեցիներ, մաքրություն կատարում, սակայն դրանք ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են, քանի որ հիմնական խնդիրը շարունակում է մնալ այն, որ բոլոր եկեղեցիներն էլ կանգնած են փլուզման առաջ, եւ թեմը չի կարողանում դրանք փրկել:

Երևանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնվում է Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու: Պահպանված տվյալների համաձայն` Սուրբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, և 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: 1883թ-ի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղն արդեն խոյացել է Երևանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել  որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում