ԻՊ-ը Ադրբեջանի հետ կապված ծրագրեր ունի. Աֆղանստանի փոխնախագահ

ԻՊ-ը Ադրբեջանի հետ կապված ծրագրեր ունի. Աֆղանստանի փոխնախագահ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Կովկասի եւ Ադրբեջանի հետ կապված ծրագրեր ունի, եւ ես ուզում եմ, որ Թուրքիան օգնի աֆղանցի թյուրքերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի փոխնախագահ Աբդուռաշիդ Դոստումը:

Նա նշել է, որ «Թալիբանն» ու ԻՊ-ն սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Աֆղանստանի, այլ նաեւ Միջին Ասիայի եւ ամբողջ աշխարհի համար:

«ԻՊ-ն ամբողջ աշխարհի թշնամին է: Նրանց ծրագրերի մեջ մտնում են նաեւ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը եւ Կովկասը: Այստեղ նրանք ցանկանում են անել այն, ինչ անում են Սիրիայում եւ Իրա քում», -ասել է գեներալ Դոստումը:

Աֆղանստանի արմատներով թյուրք փոխնախագահի խոսքով` այդ երկրում իրենց թյուրք համարող քաղաքացիները բազմաթիվ խնդիրների են առնչվում:

«Աֆղանստանում որոշ շրջանակներ չեն սիրում «թյուրքեր» բառը: Ես առաջարկում եմ, որպեսզի Աֆղանստանում բնակվող թուրքմենները եւ ուզբեկները կոչվեն թյուրքեր: Չնայած երկրում անցկացվող վերակառուցմանը, շրջաններում, որտեղ թյուրքեր են բնակվում, լուրջ նախագծեր չեն իրագործվում: Մենք Թուրքիայի նախագահին եւ վարչապետին խնդրում ենք այդ տարածաշրջաններում դպրոցներ եւ հիվանդանոցներ կառուցել: Աֆղանստանում թյուրքերը խիստ հետամնաց են: Մեր որոշ քաղաքներում դպրոցներ չկան: Ես ուզում եմ, որ Թուրքիան օգնի աֆղանցի թյուրքերին», -ասել է նա:

Աֆղանստանի փոխնախագահը նաեւ ասել է, որ իրեն հայտնի է Թուրքիայում ահաբեկչական գործողությունների մասին:

«Ես ցավակցություն եմ հայտնում Թուրքիայում ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատներին», -ասել է նա:

Գեներալ Աբդուռաշիդ Դոստումի հայրն ուզբեկ է, մայրը` թյուրքմենուհի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում