ՀՀ բանակային կորպուսի հրամանատարությունն անում է ամեն ինչ հակառակորդին զսպելու համար. Սեյրան Օհանյան

ՀՀ բանակային կորպուսի հրամանատարությունն անում է ամեն ինչ հակառակորդին զսպելու համար. Սեյրան Օհանյան

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմագծին լիովին վերահսկվում է Հայաստանի զինված ուժերի կողմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային մեկ զինծառայող, վիրավորվել Կոթիի երկու քաղաքացիական անձ:

«Վերջին երկու օրերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գնդակոծում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես Տավուշի մարզի գյուղերը։ Անկասկած, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ամեն ինչ անում են կանխելու այդ անմարդկային երևույթները, որովհետև գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը: Ցավոք, այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես էր ստեղծված, որ որոշ տեղերում, որտեղ հակառակորդն ունի դիրքային առավելություններ, օգտվում է դրանից ` գնդակոծելով դիրքերից: Այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է»,- ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ բանակային կորպուսի հրամանատարությունն անում է ամեն ինչ` հակառակորդին զսպելու համար: Պատասխանելով նյութական կորուստների մասին հարցին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ճշտում են, թե ինչ կորուստներ են ունեցել բնակիչները, որպեսզի համապատասխան աջակցություն ցուցաբերվի նրանց:

Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ ժամը 18:00-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ «Շանթ-2015» դաշտահրամանատարային զորավարժությունների հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում