Հոգևորականն առաջարկում է Խաչվերացին ուրախալ, իսկ հաջորդ օրը հիշել ննջեցյալներին

Հոգևորականն առաջարկում է Խաչվերացին ուրախալ, իսկ հաջորդ օրը հիշել ննջեցյալներին

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 13-ին տոնելու է Խաչվերացը` գերությունից խաչի վերադարձման տոնը: Խաչվերացը եկեղեցու տաղավար տոներից վերջինն է, որով ազդարարվում է նաև աշնանամուտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ սեպտեմբերի 6-ին բարեկենդան է:

Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գա լիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի տարածքով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Տեր Պետրոսի խոսքով` Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք, բայց երբ Հիսուսը խաչվեց, այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: «Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Խաչվերացը հնուց մեր ժողովրդի համար գեղեցիկ տոնախմբություն է եղել, մարդիկ հավաքվել են ընտանիքներով, գերդաստաններով: Խաչի տոնի առիթով մեծ ուխտագնացություններ են կազմակերպվել տարբեր հոգևոր վայրեր: Խաչվերացն ուրախ տոն է քրիստոնյաների համար, այդ օրերին շաբաթ ու կիրակի օրերին պետք է ուրախանալ, հարազատներով բարեկամներով հավաքվել սեղանի շուրջ, նշել»,- հորդորեց քահանան:

Ըստ նրա` մեր օրերում մարդիկ, դժբախտաբար, այն սգի են վերածել: «Այս տոնը սգի հետ կապված է այնքանով, որ բոլոր տաղավար տոներին հաջորդում է մեռելոց: Արդեն սեպտեմբերի 14-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգու հանգստության համար պատարագներ են մատուցվում, ու մեր հավատացյալները կարող են գնալ»,- նշեց Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:

ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանի տեղեկացմամբ` Խաչվերացին ընդառաջ կկազմակերպեն ավանդական դարձած «Խաչի քարոզ» ակցիան, որի շրջանակներում մարդկանց բաժանում են խաչեր` առաջարկելով խաչերով փոխարինել աչքաուլունքները: «Մեր ակցիան սկիզբ է առել 2014-ի մայիսի 18-ից` Խաչի գյուտի տոնին: Մենք բոլոր տաղավար տոներին ենք իրագործում այս ակցիան և նաև խաչի տոներին նվիրված օրերին: Դրանով ժողովորդի մեջ ամրապնդում ենք հավատքն առ խաչ»,- ասաց Տաթև Զախարյանը:

Նա նշեց, որ արդեն երկու տարի իրականացվող ակցիան լինելու է շարունակական, քանի որ դրանում են տեսնում հաջողության հասնելու գրավականը` մարդկանց վերաբերմունքը փոխելու առումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում