Արևմուտքն սկսել է ավելի քննադատաբար վերաբերվել Ադրբեջանին

Արևմուտքն սկսել է ավելի քննադատաբար վերաբերվել Ադրբեջանին

Աշխարհի գերտերությունները շահագրգռված չեն ԼՂ հակամարտությունում ստատուս-քվոյի խախտմամբ: Լրագրողների հետ հոկտեմբերի 5-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Ես որոշ ժամանակ առաջ կանխատեսում էի, որ շփման գծում ամենադժվարին իրավիճակը լինելու է 2015-2016 թթ.` Ադրբեջանում տնտեսական իրավիճակի վատթարացման և առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ սահմանային լարվածության միջոցով լրացուցիչ ձայներ ստանալու Ալիևյան վարչակարգի ցանկությամբ: Բացի այդ` Արևմուտքը սկսել է ավելի քննադատաբար վերաբերվել Ադրբեջանին, որը կապված է նախևառաջ Ադրբեջանի միջազգայի ն կարևորության թուլացման հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք ինչ է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախապատրաստվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, Արա Պապյանն ասաց հետևյալը. «Դժվար է որևէ բան ակնկալել այդ հանդիպումից, քանի որ ի սկզբանե Ադրբեջանը պատրաստ չէ գնալ որևէ զիջման: Եթե ադրբեջանական իշխանությունները պատրաստ չեն խաղաղության միջոցով լուծել ԼՂ հակամարտությունը, ապա այդ հանդիպումները արդյունքներ չեն տա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում