Հանցավորությունն ազգություն չունի, պետք է պայքարել համատեղ ուժերով. ՀՀ ոստիկանապետը ԱՄԷ-ի փոխվարչապետին

Հանցավորությունն ազգություն չունի, պետք է պայքարել  համատեղ ուժերով. ՀՀ ոստիկանապետը ԱՄԷ-ի փոխվարչապետին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վլադիմիր Գասպարյանը գոհ ունակություն է հայտնել երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցության կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունն առաջիկայում ավելի կխորանա, քանի որ երկուստեք շահագրգռվածություն կա բարձրացնելու հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը:

Դեսպան ալ Կասիմին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին փոխանցել է ԱՄԷ-ի փոխվարչապետ, ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ Ալ Նահյանի՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով ուղերձն ու Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի հրավերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծել է, որ հանցավորությունն ազգություն չունի, և պայքարը պետք է իրականացվի համատեղ ուժերով, ուստի, անհրաժեշտ է ճշգրտել հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի ոլորտները, իրակացնել անհրաժեշտ փորձի փոխանակում, գտնել գործակցության այն դաշտերը, որտեղ կարելի է հասնել առավելագույն արդյունքների:Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում