Ադրբեջանական ընդդիմություն. ովքե ՞ր են նրանք

Ադրբեջանական ընդդիմություն. ովքե ՞ր են նրանք

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կկայանան խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով կձևավորվի Ադրբեջանի 5-րդ գումարման Միլի Մեջլիսը: Չնայած ընտրություններից առաջ արդեն իսկ կանխորոշված են դրանց արդյունքները, սակայն առաջարկում ենք ծանոթանալ այդ երկրում գործող ընդդիմադիր ուժերին:

Հաճախ այնպիսի կարծրատիպային մոտեցում կա, որ եթե ընդդիմություն է և հալածվում է իշխանությունների կողմից, ապա նրանք քաղաքական տեսանկյունից ավելի գերադասելի են ՀՀ-ի համար: Սակայն այս դիրքորոշումը հաճախ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը սովորաբար ավելի ռադիկալ են և ավելի ազգայնական հայացքներ ունեն Արցախի հարցում, որն այնքան էլ մեր շահերից չի բխում:

Ադրբեջանական Մեջլիսը դեռևս 2000թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո անցում է կատարել բացարձակ մեծամասնական համակարգին: Իսկ մինչ այդ 125 պատգամավորական տեղերից 100-ն ընտրվում էր մեծամասնական, իսկ 25–ը` համամասնական սկզբունքով: Մեծամասնական համակարգը իշխանություններին ավելի շատ խարդախելու հնարավորությունն էր տալիս, ուստի վերացվեց համամասնական մի քանի տեղը` բացառելու ընդդիմության` խորհրդարան մտնելու բոլոր հնարավորությունները: Սակայն պետք է փաստել, որ նախորդ ընտրություններում ևս, նույնիսկ համամասնական համակարգի պայմաններում, ադրբեջանական ընդդիմադիրները ներկայացված են եղել մի քանի պատգամավորներով, որոնց կարելի է մատների վրա հաշվել:

Ներկա պահին պատգամավորական մեկ տեղի համար պայքարելու են վեց թեկնածուներ: Նախնական գրանցվել էր 1246, սակայն վերջնական պայքարը կընթանա 767 թեկնածուների միջև: Իրենց թեկնածությունն են առաջ քաշել 14 կուսակցություններ և «Ազադլիք-2015» կուսակցական դաշինքը, որի մեջ մտնում են յոթ կուսակցություններ, այդ թվում` «Ազգային ճակատի դասական կուսակցությունը» և «Ադրբեջանի ժողովրդական կուսկացությունը»: Կան նաև ինքնառաջադրվածներ:

Առաջադրված կուսակցությունների շարքում իրենց ընդդիմադիր են հռչակել վեց կուսակցություններ: Դրանք են` «Ադրբեջանի ազգային անկախության կուսակացությունը», «Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը», «Ադրբեջանի ազգային-դեմոկրատական կուսակցությունը», «Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցությունը», «Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը» և «Միասնական Ադրբեջան կուսակցությունը»: Նշված կուսակցություններից միայն «Ազգային անկախության կուսակցությունն» է 1995թ-ի ընտրություններին երեք տեղ ունեցել մեծամասնական ընտրակարգով և 2000թ-ի ընտրություններին` 2 համամասնական ընտրակարգով: Խորհրդարան մտած մյուս ուժը «Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունն» է, որը 2000թ-ի ընտրություններին 2 մանդատ էր ձեռք բերել` համամասնական ընտրակարգով:

Այս ընտրություններն աչքի ընկան արմատական ընդդիմության կողմից այն բոյկոտելու քաղաքականությամբ: Չնայած Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի մի ամբողջ ցուցակ կարելի է ներկայացնել, սակայն իրական ընդդիմություն կարելի է համար «Մուսավաթ» և «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցություններին: Մինչ հոկտեմբերի 28-ը «Մուսավաթ» կուսակցությունից նախընտրական արշավին մասնակցում էին պատգամավորության 25 թեկնածուներ, սակայն կուսակցության ղեկավար կազմը անցկացրած նիստում որոշում է ընդունվել չմասնակցել ընտրություններին: Ավելի վաղ «Մուսավաթ»-ն իշխանություններին առաջարկել էր դադարեցնել ընտրությունները դրանք անցկացնել 4 ամիս հետո` մինչ այդ ազատ արձակելով բոլոր քաղաքական բանտարկյալներին, և բոլոր քաղաքական ուժերի ու թեկնածուների համար դեմոկրատական պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծել:

«Մուսավաթ» -ը ծայրահեղ ազգայնական կուսակցություն է, և անհերքելի է նրա սերտ համագործակցությունը՝ Թուրքիայի ազգայնական գործունեության կուսակցության («Գորշ գայլեր») հետ: Միաժամանակ «Մուսավաթ»-ը Մեծ Բրիտանիայի և «Բրիթիշ Փետրոլիում» կոնցեռնի շահերի արտահայտիչն է Ադրբեջանում և, փաստորեն, երկու պետությունների` Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի գործընկերը։ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին արդեն հայտարարել էին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը», ինչպես նաև ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ»-ի մեջ մտնող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները:

Ընդ որում` ամեն ինչ հարթ չէր ընթանում նաև ընդդիմադիր կուսակցությունների ներսում: Օրինակ` Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կողմից ստեղծված «Ժողովրդական ճակատը» նրա մահից հետո բաժանվել էր երկու մրցակցող կուսակցությունների` «դասականների» և «բարեփոխիչների»: «Դասաականներն» արդեն իսկ նշվել է, որ մասնակցում են «Ազադլիք 2015» կուսակցության դաշինքի կազմում, սակայն բարեփոխիչների հարցը լուրջ է:

«Ժողովրդական ճակատի» «բարեփոխիչների» թևը հիմնականում կազմված է երիտասարդ կադրերից, ունեն չափավոր աջ հայացքներ և ազգային-պահպանողական կուսակցություն են համարվում: Նրանք համարվում են իրական ընդդիմություն, սակայն կուսակցության ներսում վերջերս բավականին սկանդալային իրարանցում է տեղի ունենում: Կուսակցությունը երկար տարիներ գլխավորում էր Ալի Քերիմլին, սակայն վերջերս հանձնաժողով ստեղծվեց, որը կուսակցության ներսում բարձրացրեց Քերեմլիի հրաժարականի հարցը: Բոլորովին վերջերս տեղի ունեցած փակ քվեարկության ժամանակ, որին մասնակցել էր 209 մարդ, կուսակցության նոր առաջնորդ դարձավ Ռազի Նուրուլլաևը, որի օգտին քվեարկել է 165 մարդ:

Այսպիսով տեսնում ենք, որ ադրբեջանական իրական ընդդիմությունը բավականին պառակտված է: Յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կարևոր է իր կուսակցական շահն ու գաղափարախոսությունը: Միջկուսակցական համագործակցության օրինակներ կան, սակայն հիմնական ընդդիմադիր ուժերը չեն համագործակցում միմյանց հետ: Բացի սրանից ներկուսակցական պայքարում առաջ են տարվում որոշ խմբերի շահերն ու ցանկությունները: Արդյունքում, իրավիճակից օգտվում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որը հերթական անգամ իր միանձնյա գերիշխանությունը կհաստատի Մեջլիսում:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում